Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ սահմանին տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմների ներդրումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շփման գծում լարվածության աճին:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ` հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե հետաքննության մեխանիզմ ստեղծելու գործընթացը կարծես փակուղի է մտնում, Բաբայանն արձագանքեց. «Ինձ թվում է` նախագահները քննարկել են հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցը: Սահմանային հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցն անընդհատ օրակարգում է»:
Մեր զրուցակցի խոսքով՝ միջազգային հանրությունն իր հստակ և կոշտ դիրքորոշումը պետք է հայտնի սահմանային նման դեպքերի վերաբերյալ:
Նա տեղեկացրեց նաև, որ շուտով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մշտադիտարկում կիրականացնի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:
Բաբայանի խոսքով՝ նախագահների հանդիպումից հետո սահմանային իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: «Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ մեր հարևանը Լյուքեմբուրգը չէ, և մենք ունենք չկարգավորված հակամարտություն: Ադրբեջանական կողմը հանդիպումներից առաջ կամ հանդիպումներից հետո առժամանակ որևէ քայլի չդիմելու փոխարեն սրում է իրավիճակը, որովհետև դա ահաբեկչության էությունն է»,- ասաց նա:
Բաբայանի համոզմամբ՝ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը երկու հարթություններում պետք է դիտարկել: «Մեկը բուն կարգավորման գործընթացն է, այսինքն` ընդհանուր եզրերի որոնումը, վերջնական կարգավորման տեսլական մշակելը, ինչը երկարատև գործընթաց է, և տեսանելի ապագայում դժվար թե ինչ-որ ռեալ տեղաշարժ լինի: Երկրորդը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, որպեսզի չկրկնվի 2016թ. ապրիլյան իրավիճակը, չսկսվի լայնածավալ պատերազմ և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ այլ տարբերակ, քան շարունակել պահպանել սահմանների անվտանգությունը, չկա: