Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը, որը կառավարության նոր ծրագրում էլ կա, շատ կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար. լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Ըստ նրա` Հայաստանի նման փոքր երկրները, որոնք չունեն բնական ռեսուրսներ, բայց ունեն մարդկային ռեսուրս, հիմնականում տեխնոլոգիական ուղղությամբ են զարգանում` կրթական և գիտական ծրագրեր իրականացնելու շնորհիվ: Թե ինչ բազայի վրա կստեղծվի համալսարանն ու ինչ մեխանիզմներ կկիրառվեն, Հարությունյանի խոսքով, դեռ վաղ է խոսել:
«Կարծում եմ` համալսարանի ստեղծման սկիզբը 2019-20թթ. կլինի: Ստեղծման ծրագիրը մեզ է հանձնարարված: Առաջին անգամ մենք համալսարանի ստեղծման ծրագիրը դեռ 2010-ին ենք ներկայացրել, սակայն, ցավոք, այն ժամանակ թյուր ընկալումներ եղան ակադեմիայի և այլ բուհերի կողմից` իբրև թե այն կարող է էլիտար բուհ դառնալ… Այսինքն` հասարակությունը դեռ պատրաստ չէր դրան: Տեխնոլոգիական թեքում ունեցող համալսարանները դասական բուհերից սկզբունքորեն տարբերվում են. դասական համալսարանները բազմաթիվ ֆակուլտետներից են կազմված և բյուջեի զգալի մասը ծախսում են կրթական գործառույթներ իրականացնելու համար, իսկ հետազոտական համալսարանի ամենակարևոր գործառույթներից մեկը որակյալ գիտական կադրերի պատրաստումն է` գիտնականների պատրաստումը»,- ասաց Հարությունյանը:
Ընդ որում` նրա խոսքով, նմանատիպ համալսարաններն իրենց կազմերում ունենում են բիզնես ինկուբատորներ, տեխնոպարկեր և այնտեղ շարքային կուրսային աշխատանքներն ինովացիոն բնույթ են կրում: «Տեխնոլոգիական թեքում ունեցող շատ համալսարաններ կան, որտեղ կուրսային աշխատանքների 70 տոկոսը ներդրվում է տնտեսության մեջ: Մենք էլ մտադիր ենք, օգտագործելով Հայաստանի տեխնոլոգիական լուրջ պոտենցիալը, գոնե մեկ հետազոտական-տեխնոլոգիական ոճի համալսարան ունենալ: Կարծում եմ` դա հնարավոր կլինի իրագործել ակադեմիա-բուհ համագործակցության հիման վրա: Ես անգամ դրա մոտավոր տեղն եմ պատկերացնում, այն կարող է լինել Աշտարակում կամ ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,- ասաց Հարությունյանը: