կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-12 12:19
Իրավական

Գեղարքունիքի մարզի դատավորներին չեն դատի իրենց նախկին աշխատավայրում

Գեղարքունիքի մարզի դատավորներին չեն դատի իրենց նախկին աշխատավայրում

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն դատարանի դատավորի, մարզի դատախազի վերաբերյալ գործն ուղակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում այս գործով արդեն երեք դատավոր է ինքնաբացարկ հայտնել, քանի որ գործով մեղադրյալներից մի քանիսի հետ գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ: Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի դատարանի դատավորներ Վահագն Մելիքյանին, Վարդան Հարությունյանին և Յուրիկ Իսկոյանին, ովքեր հրաժարվում էին դատել իրենց գործընկերներին:

Ի դեպ, իրավական շրջանակներում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել դատավորին իր նախկին աշխատավայր հանդիսացող դատարանում դատելու հարցը: Հիշենք կաշառք ստանալու համար դատապարտված` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի կամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Շենգավիթի դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործերը:

Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մի առիթով նկատել էր, որ բարոյական չէ դատավորին դատել այն դատարանում, որտեղ նա 20 տարի աշխատել է:

Նշենք, որ քրեական գործը պետք է քննվի այն դատարանի կողմից, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը: Իսկ Գեղարքունիքի մարզի դատարանի դատավորների դեպքում քրեական գործով նախաքննություն իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից, և քրեական գործով մինչդատական վարույթն ավարտվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական տարածքում, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը հարկ է համարել, որ վերը նշված քրեական գործը ընդդատյա է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին և այն պետք է ուղարկել ըստ ընդդատության` վերը նշված դատարան:

Ասել է թե, Գեղարքունիքի մարզի դատարանի նախկին դատավորներին ստիպված չեն լինի դատել իրենց նախկին աշխատավայրում, իսկ արդյո՞ք Արաբկիրի դատարանի համապատասխան դատավորը գործը կընդունի վարույթ, դեռևս պարզ չէ: Չի բացառվում, որ, օրինակ, Արաբկիրի դատարանի դատավորն էլ պարզի, որ մտերմիկ հարաբերություններ է ունեցել տվյալ դատավորների հետ:

Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներով գործում ներգրավված է 13 անձ, այդ թվում` դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաև մարզի դատախազության դատախազը: