|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՄԿՈՒ ոլորտում այս տարի ընդունելության ցուցանիշները բավականին հաջող են եղել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշեց, որ 7374 ուսանող է ընդունվել միջին մասնագիտական հաստատություններ, իսկ 3777 ուսանող էլ` արհեստագործական մասնագիտություններ: Ըստ Աղբալյանի` 2016-ի համեմատ, 2000-ով ավելացել է ուսանողների թիվը: «Եթե նախորդ տարի անգամ թափուր տեղեր էին մնում, այս տարի եղել են ուսանողներ, ովքեր դուրս են մնացել: Ուսանողների թվի ավելացումը պայմանավորված է դիմորդների և ծնողների շրջանում ՄԿՈՒ ոլորտի գրավչության բարձրացմամբ»,- ասաց Աղբալյանը:
Նրա խոսքով` իրենք քայլեր են անում աշխատաշուկա-ուսումնական հաստատություն կապեր ստեղծելու և եղած կապերն ամրապնդելու ուղղությամբ: Այս առումով, ըստ Աղբալյանի, հայտարարել, որ 3 տարի հետո շրջանավարտները կբավարարեն գործատուների բոլոր պահանջներին, չեն կարող, բայց ուղղությունը, որ բռնել են, կամաց-կամաց դրան է տանելու: «Որոշակի մասնագիտությունների գծով մեծ հաջողություններ ունենք, մասնավորապես` սպասարկման ոլորտում, որտեղ աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90-95 տոկոսի, իսկ, առհասարակ, միջին աշխատանքի տեղավորման ցուցանիշը 45-65 տոկոս է` նայած մասնագիտության գծով: Ցավոք, դեռևս կան «շաբլոն» մասնագիտություններ, որոնք գրավիչ են ուսանողի և ծնողի համար, բայց, ավարտելով այդ մասնագիտությամբ, ուսանողն աշխատաշուկայում իր տեղը չի կարողանում գտնել: Մենք գնում ենք նաև այդ ճանապարհով` մասնագիտությունները համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին, մանավանդ` մարզերում` տվյալ մարզի զարգացման առանձնահատկություններից ելնելով»,- ասաց Աղբալյանը:
Նրա խոսքով` «շաբլոն» են էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում, աուդիտ, շուկայաբանություն, բանկային գործ, ապահովագրական գործ մասնագիտությունները, և սրանք հիմնականում այն մասնագիտություններ են, որոնց աշխատանքի տեղավորման ցուցանիշը բավականին ցածր է: «2016-17 ուսումնական տարում փորձեցինք այդ մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերը քիչ սահմանել, բայց քանի որ այս տարի 12-ամյա պարտադիր կրթությունն ուժի մեջ մտավ, սոցիալական խնդիրներից ելնելով` որոշակի թիվ պահեցինք: Սակայն հաջորդ տարիներին մեր քաղաքականությունը տանելու է ավելի շատ ինժեներական, տեխնիկական մասնագիտություններով պետպատվերի տրամադրմանը, քան «շաբլոն» մասնագիտությունների»,- ասաց Աղբալյանը:
Yerkir.am-ը հետաքրքվեց, թե որքանո՞վ են գործատուները պատրաստակամ աշխատել ուսումնական հաստատությունների հետ, քանի որ մի կողմից գործատուները բողոքում են, որ չկան համապատասխան մասնագետներ, սակայն, մյուս կողմից, շատ գործատուներ փակ են կրթական հաստատությունների համար և շատ անգամ աշխատողներ են փնտրում ոչ թե ուսումնական հաստատություններում, այլ դրանցից դուրս և «բարձր» պահանջներով /պարտադիր աշխատանքային փորձ, 25 տարեկանից բարձր/: Ի պատասխան` Աղբալյանը նշեց, որ իրենց ոլորտի խնդիրը հենց այդ է` աշխատաշուկայի համար կադրեր պատրաստելը, այլ ոչ թե` բուհի համար դիմորդներ:
«Մեր ոլորտում եթե գործատուն դժգոհ եղավ, ուրեմն մենք համապատասխան որակը չենք ապահովում, չնայած այն փաստին, որ այսօր մենք արդեն իսկ ապահովում ենք այդ որակը: 2008-ից սկսած` մենք «Սոցիալական գործընկերություն» ծրագիրն ենք իրականացնում, ըստ որի` յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում կան գործատուների` առնվազն 2-3 ներկայացուցիչներ: Անկեղծ ասած` այս պահին այնքան էլ գոհ չենք նրանց հետ աշխատանքից, սակայն դրա համար էլ «Սոցիալական գործընկերության» նոր հայեցակարգ ենք պատրաստում` փորձելով լուծումներ տալ` ինչպես ապահովել գործատուի պահանջներն ու նրան կրթական դաշտ բերել»,- ասաց Աղբալյանը:
Նա նշեց նաև, որ ՄԿՈՒ ոլորտում իրենք որևէ գործատուից որևէ ֆինանսական ներդրում չեն ուզում, այլ միայն պրակտիկաների կազմակերպում, այսինքն` հնարավորություն, որ ուսանողները մտնեն գործատուների մոտ` տեսնելու արտադրական ցիկլը` այդսպիսով կարողանալով նաև գործնական գիտելիքներ ստանալ: «Ցավոք կամ բարեբախտաբար, այս պահին օրենքով սահմանափակված չէ, թե մասնագետը որևէ արտադրությունում աշխատելու համար պետք է ունենալ համապատասխան դիպլոմ կամ սերտիֆիկատ: Սակայն եթե գնանք օրենքով սահմանափակման, աշխատաշուկան քաոսային իրավիճակում կհայտնվի, իսկ եթե չենք գնում սահմանափակման, այն լուրջ խնդիրներ է առաջացնում որակի առումով: Սակայն հաջորդական քայլերով պետք է հասնենք նրան, որ շուկայում աշխատող մասնագետն ունենա համապատասխան որակավորում»,- ասաց Աղբալյանը: