կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 20:22
Իրավական

Քաղաքացին զրկվում է միակ կացարանից. խարդախության փաստն ապացուցելը դարձել է գլխացավանք

Քաղաքացին զրկվում է միակ կացարանից. խարդախության փաստն ապացուցելը դարձել է գլխացավանք

Ունեզրկման եզրին հայտնված հերթական քաղաքացին է դիմել Yerkir.am-ին՝ ահազանգելով միակ կացարանից զրկվելու վտանգի մասին:

Արտաշատի բնակիչ` 56-ամյա Մարինե Սահակյանը պնդում է, որ հարևանները, չարաշահելով իր վստահությունը, բանկում գրավադրել են իրեն պատկանող բնակարանը, սակայն չեն կատարել վարկային պարտավորությունները և իրեն պատկանող բնակարանը դրվել է աճուրդի: Կնոջ խոսքով՝ ինքը վստահել է հարևաններին, քանի որ նախկինում ջերմ հարաբերություններ է ունեցել նրանց հետ: Ավելին` նախկինում հարևաններն իրենց՝ Վճռաբեկ դատարանում աշխատող պաշտոնյայի միջոցով լուծել են իր բնակարանի նվիրատվության հարցը և այլն:

Մարինե Սահակյանը երրորդ կարգի հաշմանդամ է: Արտաշատում գտնվող տանը բնակվում են Մարինեի՝ հաշմանդամություն ունեցող եղբայրը, ամուսինը և երկու երեխա:

Հիշյալ դեպքի կապակցությամբ Մարինե Սահակյանը դեռևս 2015թ. հուլիսին ոստիկանությունում հաղորդում է տվել: Ըստ հաղորդման՝ 2012թ. նոյեմբերի 21-ին Տիգրան, Արմեն, Սվետլանա և Արթուր Շահինյանները խարդախությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրեն պատկանող` Արտաշատ քաղաքում գտնվող բնակարանը գրավադրել են բանկում և, ստանալով 24.000 ԱՄՆ դոլար, խոստացել մեկ ամսվա ընթացքում տունը հանել գրավից, սակայն մինչ օրս վարկային պարտավորությունները չեն կատարվել, և բնակարանը դրվել է աճուրդի:

Սահակյանը հետագայում նաև պարզել է, որ վարկային փաթեթում առկա` իր անունից կատարված ստորագրություններից մեկը կեղծ է: Կնոջ խոսքով՝ Շահինյանը Երևանի Կիլիկիա թաղամասում գտնվող տունը գրավից հանելու կեղծ խոստումներ է տվել իրեն, սակայն իրականում գրավադրումից ստացված գումարով մարել է իր տնօրինության տակ գտնվող` «Ռենո» տեսակի ավտոմեքենաների ավտովարկերը, իսկ մնացած գումարը` հափշտակել:

Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գործով մեղադրանք էր առաջադրվել Արթուր Շահինյանին, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշյալ քրեական գործը, սակայն, կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով, այնուհետև տուժողի բողոքի հիման վրա կրկին վերաբացվել: Վերաբացված քրգործով Շահինյանը դարձյալ հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում: Նա նախկինում դատապարտված է եղել ՀՀ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) նախատեսված հանցանք կատարելու համար:

Արթուր Շահինյանի պաշտպան Արթուր Ալիխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, խարդախություն չի կատարել: Պաշտպանը հրաժարվեց իր վստահորդին վերագրվող արարքի վերաբերյալ այլ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:

Ուշագրավ է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործի նոր քննությունը հանձնարարվել է նույն գործը քննած և կարճման որոշում կայացրած ավագ քննիչ Արամ Հարությունյանին:

Մարինե Սահակյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի կարծիքով` ճիշտ կլիներ գործի քննությունը հանձնարարել այլ քննիչի: «Ճիշտ կլիներ, որ այս գործը «թարմ աչքով» նայեին, մինչդեռ, ցավոք, քննչականում գործում է գործը նույն քննիչին հանձնարարելու պրակտիկան»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ քննիչն այս գործն էլ կկարճի:

Մկրտչյանի խոսքով՝ քննիչը պետք է բավարար ջանասիրություն դրսևորի և օբյեկտիվ քննության ընթացքում անդրադառնա նաև այն փաստերին, որոնք խոսում են տուժողի օգտին, մասնավորապես` պետք է, ի վերջո, պարզվի, վարկային փաթեթի մեջ առկա խնդրահարույց ստորագրությունն ումն է և այլն:

Նրա խոսքով՝ փորձագետը եզրակացրել է, որ տեխնիկական համապատասխան միջոցների բացակայության պարագայում հնարավոր չէ ստույգ ասել, թե տվյալ ստորագրությունը տուժող Մարինե Սահակյանինն է, թե՝ ոչ: Իսկ, ինչպես հայտնի է, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Ըստ պաշտպանի՝ խարդախության դեպքը խոր արմատներ ունի, և կասկածներ կան, որ դեպքն ինչ-ինչ թելերով կապված է դատական իշխանությունում ազդեցիկ պաշտոն զբաղեցնող անձի անվան հետ: Նրա խոսքով՝ այդ հանգամանքն իր բացասական դերն է ունենում քննության օբյեկտիվության վրա:

Արսեն Մկրտչյանը պնդում է, որ իրենք նպատակ չունեն ինչ-որ մեկին ճաղերի հետևում տեսնել, իրենց խնդիրը միայն խարդախության փաստն ապացուցված համարելն ու քաղաքացու բնակարանը «փրկելն է»: Մարինե Սահակյանը նույնպես չի ցանկանում որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկել: «Ինձ իմ տունն է պետք: Բնակարանի աճուրդի մեկնարկային գինն այսօր 8000 ԱՄՆ դոլար է, գոնե գնեն և այդ կերպ վերադարձնեն այն ինձ»,- մեզ հետ զրույցում նշեց կինը:

Ի դեպ, բացի ներկայումս քննվող քրեական գործից, այս դեպքին առնչվող այլ՝ քաղաքացիական գործեր էլ կան: Այսպես` դեռևս 2016թ. ապրիլին Մարինե Սահակյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արթուր Շահինյանի կողմից իր խախտված իրավունքները վերականգնելու և հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու պահանջով, որը, սակայն, մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով: Հիշյալ վճիռը Մարինե Սահակյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում և նույնպես մերժվել:

Փոխարենը Մարինե Սահակյանը քաղաքացիական գործերով դատարանում շահել է այդ դեպքի հետ փոխկապակցված մեկ այլ գործ: Սահակյանի խոսքով՝ ինքը ժամանակին 2500 ԱՄՆ դոլար պարտքով գումար է տվել Արթուր Շահինյանի մտերիմներից մեկին՝ Աննա Մանուկյանին, ով պարտավորվել է մինչև 2015թ. սեպտեմբեր ամսվա վերջը մարել այն, սակայն չի կատարել պարտավորությունը: Այնուհետև Մարինե Սահակյանը դիմել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Աննա Մանուկյանից հօգուտ իրեն բռնագանձել նշված գումարը: Դատարանը բավարարել է կնոջ պահանջը, սակայն Մարինե Սահակյանը փաստացի մինչև օրս չի ստացել պարտքը: Բանն այն է, որ Աննա Մանուկյանը բողոքարկել է այդ վճիռը, իսկ Վերաքննիչը գործն ընդունել է վարույթ և գործով առաջին դատական նիստը նշանակել երկու տարի հետո՝ 2019 թ. մարտի 27-ին: Մարինե Սահակյանը համոզված է, որ, բողոքարկելով վճիռը, Աննա Մանուկյանը փորձել է ժամանակ շահել: Կնոջ ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Վերաքննիչն իր բողոքը վարույթ է ընդունել և քննել կարճ ժամանակահատվածում, իսկ նույն ժամանակահատվածում Աննա Մանուկյանի կողմից ստացված բողոքի քննությանը ստիպված են լինելու դեռ երկու տարի սպասել:

Թագուհի Մելքոնյան