կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 10:52
Հասարակություն

Ավարտվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության ճանաչողական այցը Արցախի Հանրապետություն

Ավարտվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության ճանաչողական այցը Արցախի Հանրապետություն

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանում մեկնարկեց, ապա մինչև հոկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետությունում շարունակվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության անդամ կազմակերպությունների 25 պատվիրակների ճանաչողական այցը:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ և Ընկերվար երիտասարդների միջազգային միության հրավերով Արցախում մեկտեղված՝ աշխարհի 17 երկրների պատվիրակները, ովքեր ներկայացնում էին Եվրոպայի` Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Ալբանիա, Պորտուգալիա, Կիպրոս, Մերձավոր և Միջին Արևելքի` Լիբանան, Պաղեստին, Իսրայել, ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, սպառեցին ծրագրի հագեցած օրակարգն ու վերադարձան իրենց երկրներ՝ տանելով Արցախյան հիմնախնդրի, Արցախի մշակույթի և առօրյայի, հայկական զույգ հանրապետությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ առարկայական պատկերացումներ:

Ծրագրի երևանյան օրակարգն ընդգրկում էր հանդիպումներ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և ՀՀ փոխարտգործնախարար Շավարչ Քոչարյանի հետ, որոնց ընթացքում արտասահմանցի երիտասարդները մի դեպքում ծանոթացան կոնֆլիկտի պատմությանը և կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշմանը, իսկ մյուս դեպքում՝ բանակցային գործընթացի և խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը, բանակցային գործընթացի ներկա հանգրվանին և հավանական զարգացումներին:

Արցախյան հանդիպումների շարքը մեկնարկեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: Արտասահմանցի երիտասարդների հանդիպումը ԱՀ արտաքին գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ առանձնացավ հետաքրքիր հարցադրումներով, որոնք վերաբերում էին կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, երկրի միջազգային ճանաչմանը, ԱՀ միջազգային կապերին և, ընդհանրապես, նախարարության քաղաքական առաջնահերթություններին:

Կարևորագույն հանդիպումներից հաջորդը Արցախի Հանրապետության խորհրդարանում էր, որտեղ նրանց ընդունեց ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, որի անդամներ Արմեն Սարգսյանը և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հիմնավորապես ներկայացրեցին Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը, ինչպես նաև առանձնապես կարևորեցին միջազգային քաղաքական և միջկուսակցական թատերաբեմում Սոցիալիստական Ինտերնացիոնալի հավասարակշիռ պահվածքը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

Պետականաշինության գործում կարևորելով քաղաքացիական հասարակության նշանակությունը՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հաջորդ հանդիպումը նախատեսել էր Արցախում գործող չորս խոշորագույն հասարակական կազմակերպությունների հետ: Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին տարվող աշխատանքները արցախյան քաղաքացիական հասարակության գործունեության հիմնական ոլորտներում՝ երիտասարդությանը հուզող հարցեր, կրթություն, մշակույթ, առողջապահություն, փախստականների հիմնախնդիրներ և այլն:

Ճանաչողական այցի շրջանակներն ընդգրկել է նաև Արցախում դեռևս 2000 թվականից գործունեություն ծավալող անգլիական «Հալո թրաստ» մարդասիրական կազմակերպության ծրագրերին ծանոթացումը, որի արդյունքում հարյուրավոր հեկտարներ ականազերծվել են՝ վերահաս վտանգից փրկելով հարյուրավոր կյանքեր:

Ընկերվար երիտասարդները Շուշի քաղաքում հանդիպել են նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գևորգյանի հետ՝ ծանոթանալով ԱՀ մշակութային քաղաքականությանը, երիտասարդությանը հուզող հարցերին և նրանց զբաղվածությանը։ Շուշիում մասնակիցները այցելել են նաև մինչև այսօր կանգուն իրանական մզկիթ։

Ուումնական այցի եզրափակիչ օրը մասնակիցները այցելեցին Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին և արցախցի նորարար երիտասարդներին, ովքեր ցուցադրեցին Արցախի մտավոր ներուժը:

Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության ծանոթացումը, այդ համատեքստում այցելությունները հայկական մշակույթի ու տարածքի հայապատկանության առհավատչյաներ հանդիսացող Շուշիի սուրբ Ղազանչեցոց և Քարվաճառի Դադիվանք վանքային համալիրներ, «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիր` տատիկ-պապիկ, հավելյալ անգամ ցուցեցին Արցախի հայապատկանության անվիճարկելիությունը։

Մասնակիցները Արցախից հեռացան տպավորված՝ Արցախի մասին դրական պատկերացում կազմելով, ինչպես նաև վերադառնալու ակնկալիքով։

ՀՅԴ Երիտասարդականը՝ ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ընդհանուր համակարգմամբ, հետայսու էլ շարունակելու է արտաքին-հարաբերական գործուն նախաձեռնողական քաղաքականությունը, որը Եվրոպայի և, ընդհանրապես, աշխարհի վաղվա քաղաքական դերակատարների շրջանում բյուրեղացնելու է Արցախյան հիմնախնդիրը, Հայ դատին, հայությանը առնչվող և հուզող խնդիրների շուրջ առարկայական և փաստարկված պատկերացումները:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ