Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել: Վերջերս էլ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակիցները մասնակցել են Չինաստանում կազմակերպված միջազգային համաժողովի՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը: Չինաստանի նախագահի կողմից նախաձեռնված` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով համաժողովի նիստերից մեկը նվիրված է եղել Հայաստանի զարգացմանը, որի ընթացքում մեր մասնակիցները զեկուցումների միջոցով չինացի հասարակությանը ներկայացրել են Հայաստանն ու նրա պատմությունը:
Հայաստանը ներկայացնողներն են եղել ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից Գոռ Մարգարյանը, Թամարա Աղամալյանը և Արարատ Կոստանյանը:
Համաժողովի նշանակության, հայ-չինական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Արարատ Կոստանյանի հետ: Նա հայտնեց, որ համաժողովի հիմնական նպատակն այն էր, որ Հայաստանում ներդրվի Չինաստանի հաջողության ու զարգացման փորձը:
Կոստանյանի խոսքով` թեև համաժողովի շեշտը դրված էր տնտեսական հարցերին, բայց իրենք ազատ են եղել ներկայացնել ցանկացած` Հայաստանին վերաբերող թեմա: «Ես ներկայացրել եմ մեր ազգային, մշակութային գործիչներից երեքի՝ Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և Խրիմյան Հայրիկի՝ ազատագրական պայքարի զարթոնքին նպաստած գործունեությունը: Դա արել եմ, որպեսզի նրանք իմանան, թե մեր ազատագրական պայքարն ինչով է սկսվել»,- ասաց նա:
Մյուս մասնակցիներից Գոռ Մարգարյանը, ըստ մեր զրուցակցի, ներկայացրել է զեկուցում «Հին մետաքսի ճանապարհը և Հայաստանի ներգրավվածությունը», իսկ Թամարա Աղամալյանի զեկույցը նվիրված է եղել Սփյուռքին:
«Նրանց գիտնականներից Սյու Հայյանի զեկույցը նվիրված էր նրան, թե ինչպես կարելի է չինական տնտեսության զարգացման փորձը կիրառել Հայաստանում: Նրան հրավիրել ենք Հայաստան, որպեսզի այստեղ տնտեսագետների և կառավարության անդամների հետ խորհրդակցի»,- հայտնեց Կոստանյանը:
Ըստ նրա` չինացի գիտնականները կարևորել են Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և նշել են, որ «Չինական գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ համատեղ Հայաստանի տնտեսական զարգացումը իրականանալի կլինի:
Կոստանյանը նշեց, որ Չինաստանի հետաքրքրվածությունը Հայաստանով նախ պայմանավորված է նրանով, որ մեր և նրանց դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է այս տարի լրանում, ապա հայտնեց, որ Չինաստանը ցանկանում է կառուցել Մետաքսի նոր ճանապարհը, որը պետք է անցնի նաև Հայաստանով:
Ըստ նրա` մյուս պատճառը Թուրքիան և ԻՊ-ն է: «Զարմանալի էր չինացի գիտնականների և քաղաքական գործիչների ինքնավստահ արտահայտվելը Թուրքիայի դեմ, նաև` տարածաշրջանում ԻՊ-ի գործունեության դեմ: Նախկինում Չինաստանում Ցեղասպանության կամ նման թեմաների շուրջ չինացիները խոսել չէին ցանկանում, պահպանում էին իրենց չեզոք քաղաքականությունը»,- ասաց նա, ապա հավելեց, որ Չինաստանում հիմա հստակորեն մեղադրում են Էրդողանին, քննադատում նրա դերը միջազգային արմատական իսլամի ներդրման և զարգացման գործում, քանի որ հայտնի է, որ սիրիական տարածաշրջանում ույղուրները կռվում են կառավարական ուժերի դեմ, և նրանք արդեն զենք, ռումբեր պատրաստելու հմտություններ ունեն, և եթե վերադառնան Չինաստան, մեծ սպառնալիք են դառնալու:
Ըստ մեր զրուցակցի` Չինաստանում գիտակցում են, որ մենք դարեր շարունակ ապրել ենք թուրքերի հետ, շրջապատված ենք մուսուլմաններով, և նրանք մեր փորձառության կարիքն ունեն, որպեսզի իմանան, թե ինչպես ույղուրներին մղեն խաղաղության, ոչ թե զոհ դառնան իսլամիստական նկրտումներին:
«Այս գիտաժողովը, ՀՀ պաշտպանության նախարարի հետ կնքված պայմանագիրը աննպատակ ու պատահական չեն, չինացիների ցուցաբերած ինքնավստահ հակաէրդողանական կեցվածքը և ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանում ամենամեծ չինական դեսպանատան կառուցումը Հայաստանում ևս պատահական բնույթ չեն կրում: Հայաստանը պետք է այս առիթը օգտագործի»,- շեշտեց Կոստանյանը: