կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 13:40
Իրավական

Ես հակված չեմ առանձին դատարաններ ստեղծելու մտքին. Արփինե Հովհաննիսյան

 Ես հակված չեմ առանձին դատարաններ ստեղծելու մտքին. Արփինե Հովհաննիսյան

Դատավորը պետք է հիմնավորի իր վարույթում քննվող գործերի առանձնակի բարդությունն ու քանակը, որպեսզի, ըստ այդմ, որոշվի նրա ծանրաբեռնվածության աստիճանը: Նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին:

Նշենք, որ գործող օրենդրությամբ դատարանի նախագահները, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներն օգտվում են գործերի մակագրման որոշակի արտոնությունից: Նրանք դե յուրե իրավունք ունեն ստանալու 25%-ից պակաս գործեր, քան մյուս դատավորները:

Օրենքում առկա մեկ այլ դրույթի համաձայն՝ դատավորը` լինի դատարանի նախագահ, թե` ԱԽ անդամ, կարող է փաստարկել իր մոտ եղած գործերի կամ ծավալների առկայությունը և 25 %-ը գերազանցող սահմանաչափից էլ ավելի մեծ արտոնություն ստանալ:

«Փաստացի, ներկայիս իրավիճակում մեծ թվով դատավորներ օգտվում են այդ արտոնություններից, հատկապես խոսքը վերաբերում է դատարանների նախագահներին: Այսինքն` նրանց մակագրվում է 85 տոկոսով պակաս գործ, քան նույն դատարանի այլ դատավորի, արդյունքում` առկա է անհամաչափություն, ինչը նորմալ չէ»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը` արդյո՞ք տոկոսային շեմի փոփոխությունը կշտկի իրավիճակը, նա պատասխանեց. «Նախագծով առաջարկվում է 25 տոկոս սահմանաչափն իջեցնել 5 տոկոսի, սա նորմալ է, նման արտոնություն պետք է լինի, աշխարհի բոլոր երկրներում կան նման արտոնություններ: Հայաստանում կան դատավորներ, որոնք մեծ քանակությամբ գործեր են քննում, սակայն կա, օրինակ, մի գործ, որն իր հատորների քանակով և բարդությամբ կարող է ծածկել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը: Սա իրողություն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որքան տոկոս են կազմում նմանատիպ գործերը, և որ ամենակարևորն է` դատավորը պետք է պատշաճ հիմնավորի իր ծանրաբեռնվածությունը»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կարևոր է այն, թե ո՞վ է որոշում տվյալ դատավորի ծանրաբեռնվածության աստիճանը: «Այսօր դատարանների նախագահների խորհուրդը, այսինքն` դատարանների նախագահներն իրենք են որոշում, թե որքանով են ծանրաբեռնված: Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկում ենք Բարձրագույն դատական խորհրդին իրավունք վերապահել որոշելու՝ իրականում տվյալ դատավորի մոտ առանձնակի բարդության գործ է, թե՝ ոչ»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այս կարգավորումն իր ազդեցությունը կունենա համաչափություն ստեղծելու գործում:

Խոսելով դատավորների թվաքանակի մասին` ԱԺ փոխնախագահը նշեց. «Ակնհայտ իրողություն է, որ դատավորների թիվը Հայաստանում փոքր է: Երբ առկա լինի դատավորների ծանրաբեռնվածության հստակ և իրական պատկեր, հնարավոր կլինի իմանալ, թե ինչպիսի իրավիճակ է դատական համակարգում, որքան պետք է ավելացվի դատավորների թիվը»:

Հովհաննիսյանը նշեց, որ քննարկվել է նաև միջդատական վարույթի համար քննող դատավորներ առանձնացնելու հարցը:

Մեր հարցին` արդյո՞ք անհրաժեշտություն կա նոր, մասնագիտացված (օրինակ` սնանկության գործերով) գործեր քննող դատարան ստեղծելու, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդպիսի տարբերակ քննարկվել է, սակայն մենք գնացել ենք դատավորների մասնագիտացման ճանապարհով: Ես հակված չեմ առանձին դատարաններ ստեղծելու մտքին, քանի որ առանձին գործերով կարելի է հիմնավորել, որ նման դատարան ստեղծելու անհրաժեշտություն կա: Մենք այդքան չենք կարող ավելացնել, որ մի քանի դատարաններ ունենանք, մենք պետք է հաշվի առնենք երկրի ռեսուրսները, ծախսերը և այլն»: