Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի հարց, որը վերաբերում է մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը` առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարել փոփոխություն: Դրա էությունը հետևյալն է՝ որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտքուելք անելու ՔԿՀ-ներ: Այսօր օրենսդրությունը տարանջատում է երկու հասկացություն՝ անարգել մուտքուելքը և տեսակցությունը:
Անարգել մուտքուելքի հետ կապված` բազում պաշտոնատար անձինք՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, պատգամավորներ, այդ իրավունքն ունեն: Սակայն տեսակցելու հետ կապված կան միանգամայն այլ կարգավորումներ. կա տեսակցության ստանդարտ ռեժիմ և կա ռեժիմ, երբ, անկախ նրանից` քննիչը արգելանք դրել է, թե` ոչ, անձն իրավունք ունի տեսակցելու:
«Պատգամավորները առաջարկում են, որ իրենց և այլ պաշտոնատար անձանց համար տեսակցելու արգելքը չգործի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի, որովհետև շատ մեծ թվով անձինք ստանալու են թույլտվություն` տեսակցելու կալանավորված անձանց: Այդ իրավունքից այսօր օգտվում են ՄԻՊ-ը և խոստովանահայրը: Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե արդյո՞ք կա նման պրակտիկա այլ երկրներում: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ երբ խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակելու միայն այն պաշտոնատար անձանց տեսակցությունները, ովքեր ֆունկցիոնալ կապ չունեն կալանավորված անձի հետ:
«ՄԻՊ-ն ու խոստովանահայրը ֆունկցիոնալ կապ ունեն, մնացած դեպքերում դա պետք է սահմանափակվի: Կան երկրներ, որտեղ չկա նման սահմանափակումների պրակտիկա, բայց դա չի նշանակում, որ այդ փորձերը պետք է բերենք Հայաստան»,- ասաց նախարարը: