|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտրային քաղաքականության և տնտեսագիտության հարցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսսերը մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվեցին երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: