կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 11:42
Քաղաքական

Ես էլ կարող եմ լինել վարչապետ. Հակոբ Հակոբյան

Ես էլ կարող եմ լինել վարչապետ. Հակոբ Հակոբյան

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցին վարչապետի մեկ տարվա գործունեության արդյունքների մասին: Նա նշեց, որ երբ համեմատում է պետական բյուջեում կամ քաղաքական ծրագրերում ունեցած պարտավորությունները և բյուջեով ձեռք բերված փաստացի կատարողականի ցուցանիշները, վարչապետի աշխատանքի գնահատականը պարզ է դառնում:

Դիտարկմանը՝ հանրապետականները վարչապետի հեռանալու օրերն են հաշվում, քանի որ նա, ըստ լուրերի, 2018-ից այլևս չի լինի վարչապետ, պատգամավորն արձագանքեց. «Ո՞վ ասաց: Ես եմ հանրապետական, ես տենց օրեր չեմ հաշվում, ես նման բան ասե՞լ եմ»:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի հայտարարությանը, թե վարչապետն այլ լիազորություններ է ունենալու 2018 թվականից, նա նշեց, որ, իհարկե, այլ լիազորություններ է ունենալու, որովհետև նոր Սահմանադրությունն է ուժի մեջ մտնելու: Հ

Հարցին՝ պնդո՞ւմ է, որ Կարեն Կարապետյանն է լինելու 2018 թվականին վարչապետի թեկնածուն, Հակոբյանը պատասխանեց. «Ուրեմն Հանրապետականն այսօր իշխող կուսակցությունն է: ԱԺ-ն 2018 թվականից դառնալու է համար մեկ պետական մարմինը, և ՀՀԿ-ն` որպես առաջին քաղաքական ուժ, ԱԺ-ում իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ կավարտվեն հանրապետության նախագահի լիազորությունները»:

Ճշգրտող հարցին՝ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել հաջորդ վարչապետը, նա պատասխանեց. «Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Բայց կուսակցությունը կունենա որոշում, եթե Սերժ Սարգսյանն ուզենա ինքն անպայման լինել, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը, և տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն»:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք վարչապետի թեկնածուի ընտրությունը միանձնյա որոշմամբ է լինելու, պատգամավորը պատասխանեց, որ դա կուսակցության որոշումն է լինելու, և իրենք քվեարկելու են:

Հակոբյանը նաև նշեց, որ չի կարող այնպիսի բան լինել, որ իր և կուսակցության թեկնածուն տարբեր մարդիկ լինեն, և ինքը կանգնի երկընտրանքի առաջ: «Հանրապետականը մեկ որոշում է կայացնում՝ ով է լինելու վարչապետի թեկնածուն»,- շեշտեց նա:

Հարցին՝ թեկնածուին Սերժ Սարգսյա՞նը կներկայացնի, նա արձագանքեց, որ այդ հարցը պետք է տալ Սերժ Սարգսյանին: Հարցին էլ՝ եթե նախագահը միանձնյա որոշի, իրենք կո՞ղմ են քվեարկելու, պատասխանեց՝ իհարկե:

Դիտարկմանն ի պատասխան, թե ստացվում է ՀՀԿ-ն մեկ անձի կուսակցություն է, ծիծաղով արձագանքեց, ապա ասաց՝ ոչ: