կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 13:00
Իրավական

Ուղղորդված քննություն է եղել. Սամվել Բաբայան

Ուղղորդված քննություն է եղել. Սամվել Բաբայան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ` այսօր շարունակվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով 3 վկաներ, որոնց ցուցմունքները վերաբերում էին Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն: Վկա Արմեն Հակոբյանը, ով Երևան-Մոսկվա ավտոբուսի վարորդ է, պատմեց, որ 2016 թ. սեպտեմբերի 18-ին Մոսկվայից Երևան է տեղափոխել մի փաթեթ, որը փոխանցել է ոմն Գոռ Շակոյանի, ով նույնպես այս գործով վկա է:

Շակոյանը հայտնեց, որ Մոսկվայից ուղարկված փաթեթի մեջ եղել է 5000 եվրոյի չափով գումար, որը փոխանցել է այս գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Հարցին` արդյոք տեղյակ եղել է, որ թղթադրամները կեղծ են, վկան պատասխանեց. «Եթե կեղծ լինեին, ես հաստատ չէի վերցնի»,- ասաց նա և հավելեց, որ իրեն ասել են` փողը «լաքոտ»է:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերը` վկա Վրեժ Առաքելյանը: Նա հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, իրեն հնամաշ թղթադրամ է ցույց տվել, սակայն ինքն այդ գումարի հետ որևէ առնչություն չի ունեցել, տեղյակ չէ, թե ինչպես պետք է իրացնեին ներկոտված թղթադրամները:

Հարցին` արդյո՞ք Դավիթը դիմել է իրեն` այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չի»: Նա հայտնեց, որ հետագայում է իմացել, որ մեծ պատմություն է դարձել:

Վկայի հարցաքննության ընթացքում գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից հայտարարեց, որ քննությունն ուղղորդված է եղել, քննիչն ինչ ասել է` գրել են:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: