Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:
Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:
Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:
Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են:
Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: