կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 18:15
Առանց Կատեգորիա

Իրան-Հայաստան հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել

Իրան-Հայաստան հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել

Նախորդ շաբաթ օրը Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, ինչպես գիտենք, Իրանի նախագահ ընտրվեց բարեփոխական ուժերի թեկնածու Հասան Ռոհանին:

 

Առաջինը, որ հետաքրքրում է մեզ Իրանում նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ, այն է, թե ինչպե՞ս կանդրադառնա նոր նախագահի ընտրությունը Իրանի բազմահոծ հայ համայնքի, Հայաստան-Իրան հարաբերությունների եւ մեր տարածաշրջանում առկա դիրքավորումների վրա:

 

«Չեմ կարծում, թե Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կփոխվի հայության հանդեպ. ինչպես միշտ կլինեն բարյացակամ: Պարոն Ռոհանին նախկինում էլ միշտ ունեցել է բարյացակամ մոտեցում հայության եւ Հայաստանի հանդեպ: Ես վստահ եմ, որ այս առումով նրան կարելի է հավելյալ վստահել, եւ նրանից ավելի լուրջ ուշադրություն ակնկալել իրանահայության հանդեպ եւ Իրան-Հայաստան հարաբերությունների հարցում»,- yerkir.am-ին ասաց Իրանի խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

 

Նա վստահություն հայտնեց նոր նախագահի ընտրությունը Իրան-Հայաստան հարաբերությունները, որոնց Իրանի արտաքին քաղաքականության մեջ էական դեր է հատկացված, վատանալ չեն կարող, այլ սպասելիքներ կան, որ կլինեն բարելավումներ: Իսկ հայ համայնքն ու Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները, ինչպես խոստացավ Ռոբերտ Բեգլարյանը, այդ ուղղությամբ ուշադիր կլինեն եւ կփորձեն ավելի սերտ համագործակցությամբ հասնել Իրան-Հայաստան հարաբերությունների բարգավաճման:

 

Իրանի նոր նախագահի ընտրությունը մեզ համար հետաքրքրական է նաեւ մեկ այլ իմաստով` Իրան-Ադրբեջան եւ Իրան-Թուրքիա հարաբերություններով: Ռոհանիի մասին այս առումով խոսելիս հայկական կողմից մշտապես հիշատակվում է նրա հայտնի արտահայտությունը Ադրբեջանի մասին, թե վերջինս իր քայլերով Իրանի անվտանգության համար լուրջ սպառնալիքներ է ստեղծում, եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այս հարցը չպետք է անուշադրության մատնեն:

 

«Բնականաբար, նա կփորձի պահպանել ու պաշտպանել Իրանի անվտանգությունն ու շահերը: Եվ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ որեւէ խանգարող կամ սպառնացող քայլ նկատվի, ես վստահ եմ, որ Ռոհանին ու իրանյան համակարգն այդ առումով խիստ եւ պատշաճ մոտեցում կունենան: Եթե այդպես դիտարկենք, ապա կարելի է ասել, որ, այո’, Ռոհանին ավելի զգոն կլինի եւ ավելի ուշադիր Ադրբեջանի ու Թուրքիայի քայլերի նկատմամբ»,- կարծիք հայտնեց Ռոբերտ Բեգլարյանը:

 

Փորձը ցույց է տալիս, որ Իրանը բավականին լուրջ է տրամադրված Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությանը հակազդելու հարցում եւ, բնականաբար, ձեռքերը ծալած չի նստելու: Եվ միայն Ադրբեջանի հասցեին Ռոհանիի արտահայտությունը չէ դրա ապացույցը, որովհետեւ նրանից առաջ այդ մասին խոսեցին նաեւ բազմաթիվ լուրջ ազդեցություն ունեցող հոգեւոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ եւ այլն:

 

«Դա ավելի շատ փաստի արձանագրում էր, որ իրենք տեղյակ են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների բարելավումից, ԱՄՆ նպատակներից եւ այդ ուղղությամբ Ադրբեջանի վարած քաղաքականությունից: Նման արտահայտություններ բազմիցս հնչել են նաեւ Ահմադինեժադի նախագահության շրջանում, այնպես որ` չի կարելի ասել, թե այս ուղղությամբ լուրջ փոփոխություն է եղել»,- այս առումով yerkir.am-ին ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

 

Նա հիշեցրեց, որ Իրանի նոր` պահպանողական թեւի ներկայացուցչի հաղթանակը ավելի շատ կանդրադառնա Իրանի ներքին քաղաքականության վրա, որովհետեւ Իրանի արտաքին քաղաքականությունը միայն նախագահի որոշելիքը չէ: Իրանագետը ուշադրություն հրավիրեց նորընտիր նախագահի հետընտրական հայտարարությանը` կապված ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետ եւ այլն, որտեղից պարզ է դառնում, որ առանձնապես արմատական փոփոխություն չի նկատվում Իրանի արտաքին հարաբերությունների ուղղությամբ: Նույնը, ըստ Մհեր Բաղդասարյանի, վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերություններին:

 

Ինչ վերաբերում է Իրան-Թուրքիա հարաբերություններին, ապա, նրա կարծիքով, այդ հարաբերություններն այսօր ձեւավորվում են ավելի շատ ոչ թե իսլամական կամ հակաիսլամական, սուննի-շիա հակադրությունների հիման վրա, այլ տարածաշրջանում դոմինանտ դառնալու կամ որոշակի գերակայություն ստանալու ուղղությամբ մրցակցության խնդիրն է: Եվ այդ հարաբերությունները ավելի շատ կախված են ոչ թե Իրանի նախագահական ընտրություններից, այլ Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաներից:

 

Ուստի, թե տարածաշրջանում ինչպիսի դիրքային փոփոխություններ կլինեն, պարզ կդառնա Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների ավարտից հետո, քանի որ Արեւմուտքի կողմից գովերգված թուրքական մոդելն այսօր Ստամբուլում ցույց է տալիս իր վատ կողմերը ` Գեզի այգում ու Թաքսիմի հրապարակում, իսկ Իրանի ` պախարակված մոդելի դեպքում այսօր Թեհրանի փողոցներում մարդիկ շնորհավորում են միմյանց` նախագահական ընտրությունների կապակցությամբ:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ