կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 21:15
Հասարակություն

Հավատարիմ զենքին ու Թալիշին, պահպանելով ամենաթանկն աշխարհում

Հավատարիմ զենքին ու Թալիշին, պահպանելով ամենաթանկն աշխարհում

Երբ սկսում էի գրել Թալիշի մասին, ինչ-որ բան խանգարում էր, միտքս կիսատ էր մնում, գրածս ջնջում էի ու կրկին սկսում:

Ամենադժվարը կյանքում նոր բան սկսելն է: Գրում եմ ու մտածում՝ ինչպե՞ս են թալիշցիները երրորդ անգամ սկսելու զրոյից` կառուցել, տնկել, մշակել, սովորել, սովորեցնել և ապրել:

Քայլում էի Թալիշի փոշոտ փողոցներով ու Ալաշանում հանդիպած թալիշցի փոքրիկներին մտովի «դասավորում» այստեղ՝ վազվզում են, պահմտոցի ու այլ խաղեր խաղում: Քայլում էի ստվերիս ու մտքերիս հետ և կյանքում առաջին անգամ վախենում լռությունից:

Լռությունը ենթադրում է խաղաղություն, իսկ աշխարհում ամենախաբուսիկ բանը խաղաղությունն է: Մի բան, որի մասին երազում են բոլորը, բայց պահպանել կարող են միայն ուժեղները: Ուժեղ են այն տղաները, որ էլ չկան, և նրանք, որ կան ու պահում են ամենաթանկը:

Քայլում եմ ու մտածում` եթե այդ օրը մեր տղաների չզոհվեին, գուցե Թալիշն ու Մատաղիսը երբեք էլ մերը չլինեին, գուցե այստեղով հայերն այլևս չքայլեին, գուցե թալիշցի վարպետներն այստեղ նոր դպրոց ու մանկապարտեզ չկառուցեին:

Գյուղ մտնելու ճանապարհին է Թալիշի խորհրդանիշ-բանալին: Այն մեր ձեռքում է, բայց միակը չէ: Որքան էլ ամուր կողպենք սահմանը, միևնույն է՝ թշնամին դարձյալ կփորձի բացել այն ու մեզնից գողանալ ամենաթանկը՝ խաղաղությունը, ամենախաբուսիկ բանն աշխարհում:

Գյուղի թիկունքում՝ բլրի վրա, երևում է թալիշցիների դրած խաչը: Ապրիլյան պատերազմի օրերին հենց այդ բլրից՝ խաչի մոտից են արկակոծել գյուղն ու թիրախավորել խաղաղ բնակիչներին:

Թալիշը հիմա մերն է, որովհետև այդ օրը կորցրեցինք մեր լավագույն տղերքին...

Ապրիլից հետո թալիշցի շատ տղամարդիկ դարձան պայմանագրային: Նրանցից մեկը Տիգրանն է, նա էլ ընտրեց ամենադժվարը՝ հավատարիմ մնալ զենքին ու Թալիշին: Այգում՝ թթենու ծառի տակ նստած զինվորը չի խոսում, իսկ լռությունն ավելի շատ բան կարող է պատմել նրա մասին: Թթենու բնից կախված թռչնի դատարկ վանդակն էլ է պատմում գյուղի աղմկոտ կյանքի մասին, հիշեցնում երբեմնի շատախոս բնակչի մասին:

«Թութակներ կային բնի մեջ, փախան, գնացին»,- ծիծաղով հիշում է Տիգրանն ու կրկին լռում: Տիգրանն ապրիլից հետո Թալիշը չլքեց, մնաց, որովհետև հավատաց... Հավատաց որ մի օր նորից այստեղ մարդիկ հող կմշակեն, կաշխատեն, կապրեն ու կժպտան:

Տիգրանն այդ օրը մենակ չէր, նրան շրջապատել էին մարդիկ... Ու բոլորը լուռ էին: Լռությունը ենթադրում է խաղաղություն, իսկ աշխարհում ամենախաբուսիկ բանը խաղաղությունն է:

Թագուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ Իգոր Միրզախանյանի