կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 20:28
Առանց Կատեգորիա

Վրաստանը վերածվում է մարդկանց առևանգման գործարքների «սև խոռոչի»

Վրաստանը վերածվում է մարդկանց առևանգման գործարքների «սև խոռոչի»

Ադրբեջանի անվտանգության ծառայությունն իր շուրջ մոլեգնող վերջին շրջանի խայտառակ սկանդալները փորձում է սքողել 1937թ. տիպիկ բերիական-ԿԳԲ-ական մեթոդներով, «ներքին թշնամիների» որս սանձազերծելով: Չբավարարվելով երկրի ներսում սեփական հասարակությանը տոտալ ահաբեկման թիրախ դարձնելով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նշանառության տակ են առել արդեն բռնապետությունից փախած և հարևան երկրներում, մասնավորապես Վրաստանում հանգրվանած այլախոհ, ընդդիմադիր գործիչներին:

Նախօրեին Թբիլիսիում առևանգվել և ապօրինաբար Ադրբեջան էտեղափոխվել արդեն երկու տարի Վրաստանում բնակվող, Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատությամբ աչքի ընկնող լրագրող, ադրբեջանական ընդդիմադիր meydan.tv-ի տեղեկատվական ռեսուրսի աշխատակից Աֆղան Մուխթարլին՝ ենթարկվելով դաժան ծեծի և բռնության: Իր փաստաբանին լրագրողը հայտնել է, որ գտնվում է Բավքում՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կենտրոնական վարչությունում: Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության և սահմանն ապօրինի հատելու փորձի համար:

 Թե ինչ ճակատագիր է սպասվում Մուխթարլիին, մեկնաբանության կարիք չկա: Տեղի ուենցածին արդեն արձագանքել են իրավապաշտպան բոլոր միջազգային հեղինակավոր կառույցները, այդ թվում «Amnesty International»-ը և «Human Rights Watch»-ը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել լրագրողին:

Ադրբեջանում բոլորն են հասկացել, որ Վրաստանից առևանգման և Ադրբեջան տեղափոխման այս օպերացիայի հիմնական նպատակը ալիևյան ռեժիմի բոլոր քննադատներին հասկացնելն է, որ նրանք փրկություն չունեն ոչ Ադրբեջանի ներսում, ոչ էլ դրանից դուրս: Եվ հաշվի առնելով, որ Թբիլիսին վերածվել էր Ադրբեջանից քաղաքական հալածյալների հիմնական հանգրվանատեղիի, այս օպերացիայի հիմնական ուղերձն ուղղված է վերջիններիս: Դրա մասին են վկայում տեղեկությունները, թե բացի Մուխթարլիից, նույն կերպ ձերբակալվել են ևս երկու ադրբերջանցի այլախոհներ՝ Դաշգըն Աղալարլըն և Լեյլա Մուսթաֆաևան:

Ահա թե ինչու Ադրբեջանի իրավապահ մարմիններն անգամ հարկ չեն համարում իրենց գործողությունների որևէ տրամաբանական, քիչ թե շատ ճշմարտանման հիմնավորում ներկայացնել՝ ցույց տալով, որ դա իրենց համար բացարձակապես որևէ նշանակություն չունի: Օրինակ այդ երկրի դատախազության պաշտոնական բացատրությունից ստացվում է, որ ընդդիմադիր լրագրողը, ով մշտապես զգուշացնում էր Ադրբեջանում իրեն սպառնացող վտանգի մասին, հանկարծ որոշում է 10 հազար եվրո վերցնել, կնոջը, մանկահասակ աղջկան թողնել Վրաստանում, առանց անձնագրի մեկնել Ադրբեջան, իսկ սահմանը ապօրինի հատելիս դեռ մի բան էլ վեճի մեջ մտնել սահմանապահների հետ:

Ադրբեջանի նման երկրի պարագայում նման զառանցանքները զարմանալի չեն: Զարմանալին տեղի ուենցածում վրացական իշխանությունների դերակատարությունն է: Խնդիրն այն է, որ այն պահին, երբ Մուխթարլիին բարեհաջող անցկացնում էին վրաց-ադրբեջանական սահմանով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարում էր, թե նրա փնտրման աշխատանքներն իրականացվում են երկրի ողջ տարածքով: Լրագրողի հանձնումը չէր կարող տեղի ունենալ առանց առնվազն վրացական սահմանապահ ծառայության մասնակցության, եթե անգամ անտեսենք երկրի մայրաքաղաքում ադրբեջանցի գործակալական խմբի կողմից մարդկանց անարգել հետևելու, հետապնդելու և առևանգելու իրողությունը: Կամ այդ հարցում ադրբեջանական կողմը համագործակցել է վրացական իշխանությունների հետ, կամ սահմանապահ ծառայությունում, ինչպես ասում են՝ շունը տիրոջը չի ճանաչում և այն զբաղված է ինքնագործունեությամբ:

Ամեն դեպքում պաշտոնական Թբիլիսին դեռ բացատրություն չի տվել, թե ինչպե՞ս կարող էր լրագրողն այդքան անաղմուկ անցնել կամ անցկացվել պետական սահմանը: Վրաստանի ՆԳ նախարարությունը բավարարվել է հայտարարելով, թե այդ գործով քննություն է ընթանում և որ իրենք «հաղորդակցության մեջ են ադրբեջանական կողմի հետ»։

Պետք է ենթադրել, որ հաղորդակցությունն ընթանում է վրացական կողմի դեմքը մի կերպ փրկելու ձևեր գտնելու շուրջ, որի շրջանակում կարծես թե արդեն որոշակի արդյունքներ արձանագրվում են: Մասնավորապես ըստ civilnet-ի՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ասել է, թե Մուխթարլին ձերբակալվել է «սահմանային կանաչ գոտում», որտեղ անձնագրի կարիք չկա։ Այն, որ Մուխթարլին առևանգվելու, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու և դրա հիման վրա ձերբակալվելու միջոցով է հայտնվել սահմանային հսկիչ կետում, հանգեցնում է ահա այսպիսի անհեթեթ պատճառաբանությունների: Վրաստանի ՊԱԾ-ի պետի բացատրությունից ստացվում է, որ «կանաչ գոտում» գտնվող ցանկացած անձ, այդ թվում Վրաստանի քաղաքացին, կարող է հանգիստ տեղափոխվել ցանկացած երկիր, քանի որ այդ պահին ոչ ոք չի կարող իմանալ՝ նրանք իրենց հետ անձնագիր կրո՞ւմ են, թե՞ ոչ:

Վրաստանն այսպիսով Բելառուսի կողքին «պատվավոր»  տեղ գրավեց՝ Ադրբեջանի համար անցանկալի համարվող և հետապնդվող անձանց այդ երկրի «մսաղացին» հանձնելու գործարքների առումով: Չի կարելի չնկատել որոշակի նմանությունները Լապշինի և Մուխթարլիի դեպքերի միջև: Վրաստանն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային «սև խոռոչի», որտեղ ոչ միայն որևէ օտարերկրացու, այլև անգամ Վրաստանի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված չէ,  և որտեղ կարող են սահմանահատման ամենամութ հանցավոր գործարքները կատարվել: 2015թ. հենց Վրաստանի միջոցով իրականացվեց Հայաստանում հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանի բարեհաջող և անաղմուկ տեղափոխումը Ադրբեջան:

Մուխթարլիի առևանգման այս դեպքը Հայաստանի հետ ուղղակի կապ չունի: Սակայն Վրաստանի «սև խոռոչի» վերածվելու հանգամանքը չի կարող անհանգստանալու տեղիք չտալ: Այս դեպքից հետո այլևս երաշխիք չի կարող լինել, որ, օրինակ, Բաթումիում կամ Քոբուլեթիում հանգստացող Հայաստանի որևէ քաղաքացի ևս, վրացական իշխանությունների տրամաբանությամբ, հանկարծ խելագարության նոպա չի ունենա և առանց անձնագրի որոշի հատել վրաց-ադրբեջանական սահմանը՝ այն էլ ադրբեջանցի սահմանապահների հետ դեբոշ սարքելով: Գուցե արժե՞ դիվանագիտական խողովակերով Վրաստանից բացատրություններ ստանալ: Ի վերջո առջևում ակտիվ հանգստի շրջան է...

Գևորգ Դարբինյան