կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-02 13:35
Մշակույթ

Հարություն Դելլալյանն իր ստեղծագործական կարճ տարիների ընթացքում սրընթաց վերելք ունեցավ

Հարություն Դելլալյանն իր ստեղծագործական կարճ տարիների ընթացքում սրընթաց վերելք ունեցավ

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին:

Երեկոյի ժամանակ ելույթով հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/ և Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան/, ինչպես նաև մենակատարներ Հայկ Մելիքյանը /դաշնամուր/, Նարինե Դելլալյանը /ջութակ/, Հարություն Մուրադյանը /ալտ/, Արշավիր Իսահակյանը /գալարափող/:

Yerkir.am-ի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը նշեց, որ առաջին անգամ է, որ շփվում է Դելլալյանի ստեղծագործությունների հետ, և, իր կարծիքով, հոյակապ ստեղծագործություններ ունի կոմպոզիտորը: Ըստ Մարտիրոսյանի` Դելլալյանն իր լեզուն, իր ձեռագիրն ունի, ինչը մեծ կոմպոզիտոր լինելու նշան է: «Համոզված եմ, որ նրա երաժշտությունը հայկական երաժշտության ֆոնդում կմնա: Կոմպոզիտորը դասական է դառնում ժամանակի ընթացքում, և հույս ունեմ, որ մեր ժամանակակից կոմոպոզիտորները կանդրադառնան նրա ստեղծագործություններին` հասկանալու, թե ինչ կարող են վերցնել նրանից:  Կոմպոզիտորական արվեստն այնպիսին է, որ զրոյից ինքնըստինքյան ոչինչ չի ստեղծվել, նույնիսկ Բախը լսել է Մոնտեվերդիի գործերը, Մոցարտը լսել է Բախ, Բեթհովենը` Մոցարտ: Նրանք վերցրելն են նախորդի գործերից ինչ-որ բան և իրենցն են ստեղծել: Ի վերջո, երաժշտական հումքը նույնն է` յոթ նոտա, որոնք, տարբեր ձևերով շարելով, ինչ-որ բան են ստանում»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ նույն հումքից, ինչպես և քարի դեպքում, կարող են սարքել դասական շենք, ժամանակակից շենք…

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն էլ նշեց, որ Դելլալյանի հետ կոնսերվատորիում են սովորել, բայց Դելլալյանը մի քանի կուրս ցածր էր իրենից, թեև տարիքով ավելի մեծ էր: Խնդիրն այն էր, ըստ Երկանյանի, որ Դելլալյանն ուշ սկսեց իր երաժշտական ուղին, քանի որ սոցիալական պայմաններն այդ տարիներին ծանր էին: «Նա 10 տարեկան էր, երբ Հունաստանից ընտանիքով ներգաղթեցին Հայաստան, և բավական երկար ժամանակ ծանր վիճակում էր ընտանիքը, իսկ Դելլալյանն անում էր ամեն ինչ` բեռնակիրություն, բանվորություն, որպեսզի օգնի ընտանիքին: Նա բավական ուշ տարիքում սկսեց երաժշտությամբ զբաղվել և նախ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում սովորեց, հետո կոնսերվատորիան ավարտեց, բայց այնպիսի սրընթաց վերելք ունեցավ իր կարճ ստեղծագործական տարիների ընթացքում, որ նախանձել կարելի էր նրա` վերին աստիճանի հետաքրքրասիրության, աշխատասիրության, լրջության վրա: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ հասնել այնպիսի արդյունքների, որ իրենից ավելի շատ ուսում ստացածները հետ մնացին նրանից»,- ասաց Երկանյանը:

Ըստ նրա` Դելլալյանն իր արմատներով էապես կապված էր մեր ազգային երաժշտության ավանդույթների հետ: Նրա ստեղծագործությունները, ըստ Երկանյանի, շատ հասուն են գրելաոճով և մտածելակերպով, ինչպես նաև ժամանակակից, անգամ` այսօր: «Հարությունը շատ շուտ հեռացավ կյանքից` հենց Ղարաբաղյան շարժման օրերին, երբ ժողովուրդն Ազատության հրապարակում էր: Նա այդ ժամանակ հիվանդ էր, բայց շատ մեծ ցանկություն ուներ մասնակցելու այդ ամենին, ոգևորված էր, ուզում էր իր ոգևորությունը մյուսներին էլ փոխանցել, բայց չստացվեց, հիվանդությունը հաղթեց: Ուրախ եմ, որ այսօր նշվում է նրա 80-ամյակը, կարծում եմ` ավելի հաճախ պետք է հիշեն մեր մեծերին: Նաև  ուրախ եմ, որ նրա դուստրերը` Նարինե և Մարինե Դելլալյանները, շատ նախանձախնդիր են իրենց հայրիկի ստեղծագործությունների կատարման հարցում: Հույս ունեմ, որ երիտասարդ սերունդն էլ, լսելով նրա գործերը, կսկսի կատարել Դելլալյանի գործերը»,- ասաց Երկանյանը:

***

Իսկ Հարություն Դելլալյան մարդու, կոմպոզիտորի երազանքը սա էր. «Կուզենայի մեր հավատի ու մշակույթի նկատմամբ բարբարոս վերաբերմունքը չլիներ: Կուզենայի մեր հավատը կրկին վերականգնվեր, մեր խոցված հոգիները խաղաղվեին և ազատ ստեղծագործելու, աշխատելու ունակությունն ու բերկրանքը վերադառնային մեզ: Կուզենայի, որ բանվորն իր հաստոցի առջև մի մաս ավելի պատրաստելու ձգտում ունենար, որ շինարարը մի քար ավելի կարողանար դնել կառուցվող շենքի պատին: Կուզենայի ներգաղթ լիներ, արտագաղթ չլիներ, օտար ափեր չլինեին ու պանդուխտի երգ չունենայինք: …Կուզենայի Կոմիտաս վարդապետը լինեի, բայց իմ ժողովրդի երջանկությունից խենթանայի…»