կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-28 20:32
Առանց Կատեգորիա

Անպտուղ հանդիպում Մոսկվայում. Կաճի՞ լարվածությունը սահմանին

Անպտուղ հանդիպում Մոսկվայում. Կաճի՞ լարվածությունը սահմանին

Հիմնախնդրի կարգավորման շրջանակում Մոսկվայում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, դատելով դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից, որևէ էական արդյունք չի տվել: Հանդիպման մասին հաղորդագրությունում ընդամենը նշվում է, թե շարունակվել են քննարկումները կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել շփումները քննարկված հարցերի շուրջ:

Մինչ հանդիպումը, սակայն, Մոսկվան և Բաքուն տպավորություն էին ստեղծում, թե այն կարող է կարևոր հանգրվան լինել բանակցությունները մեռյալ կետից շարժելու առումով: Մանսավորապես Ադրբեջանի արտգործնախարարը, ելնելով այն հանգամանքից, որ եռակողմ հանդիպումն անցկացվելու էր դռնփակ, ենթադրել էր, թե դրա ընթացքում կարող են անակնկալներ արձանագրվել: Իսկ նախօրեին բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ենթադրվում է, որ կճշգրտվեն կողմերի դիրքորոշումները կարգավորման առավել պրոբլեմատիկ ասպեկտների վերաբերյալ: Սա նշանակում է, որ Մոսկվայի պատկերացումներով բանակցությունների առարկա պետք է դառնային կարգավորման առանցքային դետալները:

Մոսկվայի և Բաքվի նմանատիպ ակնկալիքները վկայում են, որ նրանց նպատակը եղել է հանդիպումը Հայաստանին բանակցությունների սեղանին վերադարձնելու միջոց դարձնելը՝ նկատի ունենալով, որ հենց հայկական կողմն էր հրաժարվում բանակցություններից՝ պահանջելով նախ կատարել իր կոմղից դրված նախապայմանները: Դրանք, ինչպես հայտնի է, վերաբերում էին անցած տարի մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում հրադադարի ռեժիմն ամրապնդող մեխանիզմների ներդրման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պարտադիր կատարմանը:

Ինքնին այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց մոսկովյան այս եռակողմ հանդիպմանը, վկայում է, որ այդ մասով նրանք իրենց նպատակին հասել են. Հայաստանը մտել է բանակցության մեջ՝ կրկին շրջանցելով իր իսկ կողմից դրված նախապայմանները: Սա Մոսկվայում և Բաքվում կարող է ընկալվել որպես դրական ազդակ, որ նախապայմաններն այնքան էլ սկզբունքային չեն հայկական կողմի համար, և կարելի է շարունակել գործընթացը: Պատահական չէ հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումը, թե կողմերը պայմանավորվել են շարունակել «շփումները»:

Սակայն Մոսկվան և Բաքուն կարծես չեն լուծել մաքսիմալ խնդիրը. չեն կարողացել բանակցային գործընթացը Ադրբեջանի կողմից հետևողականորեն տապալվող Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի այդ պայմանավորվածությունների կատարման դաշտից տեղափոխել ԼՂ կարգավորման մեխանիզմների, չհամաձայնեցված սուր դետալների շուրջ քննարկումների հարթություն: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ պաշտոնական տեղեկատվության մեջ հատուկ ընդգծվում է այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, մինչդեռ որևէ ակնարկ չկա, որ հանդիպման ժամանակ այդ դետալներին անդրադարձ եղել է: Ընդ որում, հայկական կողմի համար կարևոր է, որ հիշատակվում է նաև Վիեննայի գագաթնաժողովի պայմանավորվածությունների մասին:

Խնդիրն այն է, որ հենց 2016թ. մայիսին կայացած այդ բազմակողմ հանդիպման արդյունքում են կոնկրետացել հայկական նախապայմանների վերածված երեք մեխանիզմները, մինչդեռ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ նշվում էր դրանցից միայն մեկը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային թիմը մեծացնելը, որը ոչնչով չէր կարող սահմանափակել ռազմական բախումները շփման գծում: Սա նշանակում է, որ հայկական կողմին առայժմ հաջողվում է մյուս երկու՝ միջադեպերի հետաքննություն իրականացնելու և խախտումներ արձանագրող սարքերի տեղադրելու մեխանիզմները պահել օրակարգում և Ադրբեջանին դրանցից կախվածության մեջ դնել:  

Որքան էլ դիվանագիտական առումով սա էական է, այնուամենայնիվ Ադրբեջանի համար մոսկովյան այս բանակցությունների անարդյունավետությունը կարող է արցախա-ադրբեջանական սահամանգծին լարվածության նոր բռնկման պատճառ դառնալ: Նախորդ շաբաթների համեմատ անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը նկատելիորեն մեծացրել է հայկական դիրքերի գնդակոծման ինտենսիվությունը: Նորից կրակել են Բաղանիս համայնքի և այնտեղով անցնող միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ, արցախում հակառակորդի կրակից հայկական կողմը ցավալիորեն երկու զոհ ունեցավ: Կասկած չկա, որ լարվածության աճը պայմանավորված է Մոսկվայի հանդիպմամբ: Հակառակորդն այն կիրառում է հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու և բանակցությունների վերսկսման հարցում առաջընթաց չարձանագրելու դեպքում լարվածությունն էլ ավելի մեծացնելու սպառնալիք ստեղծելու համար: Այդ շարքից էր ապրիլի  16-ից 21-ին Ադրբեջանի զինուժի կողմից մինչև 30 հազար զինծառայողների, 250 միավոր զրահատեխնիկայի, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանների ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը, նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա Ռուսաստանից ստացած զրահամեքենաների նոր խմբաքանակի մասին հրապարակումը Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, մասամբ նաև՝ մայիսի 1-5-ը Թուրքիայի և Ադրբեջանի զինուժերի նոր համատեղ տակտիկական զորավարժությունների անցկացումը:

Փաստը, որ Ադրբեջանը մոտ 37 տոկոսով կրճատում է իր ռազմական բյուջեն, քիչ հավանական են դարձնում Արցախի կամ Հայաստանի դեմ  նոր մասշտաբային սադրանքները: Սակայն այս ամենը ուժի ցուցադրություն է պատերազմ սկսելու սպառնալիքի ստեղծման մոտիվներով:  Չի կարելի բացառել, որ եթե իսկապես Մոսկվայի բանակցությունները չեն արդարացրել Բաքվի հույսերը, ապա ճնշումներն ուժեղացնելու նկատառումով վերջինս չի փորձելու կրկին անցնել հյուծիչ հիբրիդային, դիրքային մարտերի: Սա հայկական բանակին ստիպում է էականորեն մեծացնել զգոնությունը և անհրաժեշտության դեպքում նոր լարումը զսպելու համար դիմել կանխարգելիչ գործողությունների:

Գևորգ Դարբինյան