Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը սահմանելու, ինչպես նաև բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու հարցերը: Վարչապետը հաստատեց դրանք` ասելով, որ շատ լավ որոշումներ են:
«Վստահ եմ, որ շատ լավ, շատ խելոք համակարգ է: Համագործակցեք ԱԻ նախարարի հետ: Այդտեղ լիքը բարելավելու խնդիրներ ունենք` եղանակի կանխատեսումներ, տեխնիկա: Ձեզանից ակնկալում ենք իրականում որակական փոփոխություններ: Այդ ամենի մուլտի էֆեկտը լինելու է անկանխատեսելի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Գյուղնախարարը ներկայացրեց նաև որոշում մի շարք ՓԲԸ-ներ լուծարելու մասին: Դա պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա` տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերը մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ:
Վարչապետը հավելեց, որ խոսքն այն մասին է, որ կար մի համակարգ, որը պետք է կրթեր գյուղատնտեսին, սակայն դա համարվում է ոչ արդյունավետ, որովհետև կրթել, կրթել են, բայց արդյունքում կա 352 ֆերմեր ու կոոպերատիվ: «Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք «սպեցնազ», ամեն տարեվերջին ներկայացնում ենք հաշվետվություն, թե քանի ֆերմեր ու կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի աչքեր են սկսել փայլել: Շատ համարձակ բարեփոխումներ է սկսել գյուղատնտեսության նախարարը, մենք նրան ամեն ինչով աջակցելու ենք: Դուխով գնացեք առաջ»,- ասաց Կարեն Կարապետյանը: