կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-05 13:46
Քաղաքական

Հաղթելու է Հայաստանը. Աղվան Վարդանյան

Հաղթելու է Հայաստանը. Աղվան Վարդանյան

Այս պահին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գումարել է հանդիսավոր հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը։ Քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը ներկա են ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի բացման խոսքը:

Հարգելի՛  բարեկամներ,

Սիրելի՛ ընկերներ,

Թանկագին լրագրողներ,

Դաշնակցությունը սկսում է նախընտրական քարոզարշավը մեր  պլատֆորմի ներկայացմամբ։ Որովհետեւ մենք, ի տարբերություն  շատ-շատերի, գաղափարախոսություն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառություն ունեցող կուսակցություն ենք։ Սկսում ենք՝ ՙՙՆոր սկիզբ,  արդար Հայաստան՚՚ կարգախոսով։ Մեզ համար արդարությունը  հիմքերի հիմքն է։ Արդարությունը հայ ժողովրդի  տեսակի, բնույթի,  էության մեջ է։ Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ազատ, ժողովրդավար,  խաղաղ, ուժեղ, զարգացող,  ինքիշխան, բարեկեցիկ,  երիտասարդ, իրավունքի Հայաստանն է։

            Մենք  դրան հասնելու ենք։ Մենք արդեն  երկրում համակարգային, որակական փոփոխությունների  նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք։

            Հիմա ես Ձեզ  մի քանի պարզ հարց ունեմ։

  1. 1.    Այս ընտրություններին, բացի Դաշնակցությունից, չորս դաշինք  ու չորս կուսակցություն է մասնակցում։ Ուշադիր  նայեք ու ասեք՝ արդյո՞ք այդ չորս կուսակցությունները   դաշինքներ չեն՝ իրենց կազմով, խայտաբղետությամբ, ներքին  հակասություններով։ Արդյո՞ք  միակ իրական կուսակցությունը Դաշնակցությունը չէ։
  2. 2.    Ուշադիր նայեք՝ մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ։
  3. 3.    Որ ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում ու աշխարհի 30-ից ավելի  երկրներում եւ  ամենուր հայկական շահերի պաշտպանության հարցում ազդեցություն ունի։
  4. 4.    Որ ուժն է, որ հետեւողական է, չի շեղվել իր սկզբունքներից, ամբոխավար չէ,  մարմնավորում է եւ՛ հայ զինվորին, եւ՛ աշխատավորին, եւ՛ մտավորականին։
  5. 5.    Որ ուժն է, որի ապագա  խմբակցությունը նոր Ազգային ժողովում բացառված է, որ քայքայվի, տարբեր մասերի բաժանվի։

Խնդրում եմ՝ Ձեր մտքում պատասխանեք այս  հարցերին, եւ ընտրությունը ակնհայտ կդառնա։

            Դաշնակցությունն է Ձեր կուսակցությունը։

            Դաշնակցության գաղափարները հաղթելու են։

            Հաղթելու է Հայաստանը։