Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ խմբակցությունն ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսել խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ապրիլի 2-ին նշանակելու մասին նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու հարցով ՍԴ դիմելու համար: Դատելով այդ նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական ուժերի հրապաևրակային մոտեցումներից՝ ՀԱԿ-ին դժվար թե հաջողվի ստանալ անհրաժեշտ 27 ստորագրությունները:
ՀԱԿ-ում համոզված են, որ հակասահմանադրական այդ որոշումը կայացվել է մայիսին կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին իշխանության նախապատրաստվելու համար ժամանակ ունենալու նպատակով, սակայն պնդում են, թե իրենց այդ քայլը բացառապես ընտրական գործընթացի լեգիտիմությունը վերականգնելու խնդրին է ուղղված: Գուցեև այդպես է, սակայն արդյո՞ք ՍԴ-ին դիմելու իրավունք ձեռք բերելով՝ ՀԱԿ-ը լուծելու է այդ խնդիրը:
Բանն այն է, որ եթե ՍԴ-ն այդ դիմումը վարույթ ընդունի, պահանջվելու է լրացուցիչ ժամանակ՝ հանգամանքներն ուսումնասիրելու և եզրակացությամբ ու որոշմամբ հանդես գալու համար: Սա առկախելու է ամբողջ ընտրական գործընթացը: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ՍԴ-ն հենց ՀԱԿ-ի ակնկալած որոշումը կընդունի, ապա ընդհանրապես կարող է գործ ունենանք մի իրավիճակի հետ, երբ ժամկետների հետ կապված ողջ ընտրական գործընթացի իրավաչափության ճգնաժամ կարող է առաջանալ և հանգեցնել ամբողջ ժամանակացույցի խախտման: Խոսքը գնալու է ոչ թե ընդամենը 5-6 օրով, այլ գուցե 2-3 շաբաթով հետաձգմանը, ինչը ընտրական խառնաշփոթ կարող է ստեղծել: Որովհետև բոլորովին չի բացառվում՝ այդ քվեարկության արդյունքում ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն առաջանա: Հիշեցնենք՝ դա տեղի է ունենալու այն դեպքում, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմում, և չի հաջողվում սահմանված ժամկետում մեծամասնություն կազմելու համար կոալիցիա ձևավորել: Եթե երկրորդ փուլի խնդիր առաջանա, ապա, զուտ ժամկետների առումով, այն գուցե համընկնի Երևանի ավագանու ընտրություններին կամ անմիջապես կնախորդի դրան՝ քաղաքական ուժերին և ԿԸՀ-ին հնարավորություն չտալով լիարժեքորեն նախապատրաստվել դրան:
Եվ հաշվի առնելով այս հեռանկարը՝ իսկապես հարց է առաջանում` ի՞նչ խնդիր է ուզում իրականում լուծել ՀԱԿ-ը՝ ընտրական շիլաշփոթ առաջացնելո՞ւ, թե՞ այդ ուժն այսպիսով ի սկզբանե հասկացնում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն կամ կարողություն չունի, հետևաբար` չունի նաև դրան նախապատրաստվելու խնդիր: Ի վերջո, պարզ է, որ այդ ընտրություներին միայն իշխանություն չէ, որ մասնակցելու է, և ընտրական այդ խառնաշփոթը հարուցելով` ՀԱԿ-ը գուցե ավելի շատ վնաս հենց այլընտրանքային, ոչ իշխանական ուժերի համար է ստեղծում, քան իշխանության:
Ապրիլի 2-ին քվեարկության անցկացումն ավելի շատ ոչ թե իրավական, այլ բարոյա-քաղաքական հարթություններում գտնվող հարց է: Դա ապրիլյան հերոսամարտում զոհված տղաների հիշատակի ոգեկոչման օրն է: Այդ օրը քվեարկության անցկացումը կարող էր արդարացված լինել, եթե քաղաքական ուժերը, հասարակությունն ու ընտրողը այդ օրվա խորհուրդն ընկալեն որպես բարոյական զսպող գործոն և գոնե տղաների հիշատակը և այն իդեալները, հանուն որոնց նրանք զոհեցին իրենց կյանքը, ավելի բարձր դասեն և ձեռնպահ մնան հայաստանյան ընտրությունների ժամանակ սովորաբար արձանագրվող ընտրախախտումային ու կեղծարարական այլանդակություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից լինելուց: Այս բարոյական ճնշումը գուցե աշխատեր, եթե հասարակական հարաբերությունները, քաղաքական մշակույթը ձևավորված լինեին խաղի հասկանալի, բարոյական կանոնների ու սկզբունքների վրա: Մինչդեռ` քաղաքական համակարգի չկայացվածությունը, անձնական, խմբակային կամ կլանային ամբիցիաները, դրանց բավարարման համար կիրառվող անբարո մեխանիզմները, ներքին փոխադարձ անվստահության, ընդհուպ` ատելության առկա թունավոր մթնոլորտը, ոչ մի լավատեսության հիմք չեն ստեղծում: Եվ այս ֆոնին ամենևին չի բացառվում, որ այդ օրվա խորհուրդը պարզապես կխեղվի և կստվերվի ընտրական մեծ ու փոքր, էական ու ոչ էական ապօրինությունների, զեղծարարությունների, ստորությունների ներքո՝ այս հակադրության պատճառով ապրիլի 2-ը վերածելով ազգային խայտառակության օր:
Նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ ՀՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարեց, թե դեմ չէ քվեարկությունը սահմանվածից մի քանի օր ուշ անցկացնելուն, բայց դրա համար անհրաժեշտ է մասնակից բոլոր ուժերի համաձայնությունը: Ապրիլի 2-ի օրվա խորհրդից ելնելով՝ գուցե ավելի կարևոր կլիներ ժողովրդավարական, մաքուր ընտրություններ անցկացնելու շուրջ քաղաքական համաձայնությունների ձեռք բերումը և, որ շատ ավելի էական է, դրան հավատարիմ մնալը: Այդ դեպքում ապրիլի 2-ը կդառնար ընկած տղաներին մատուցվող հարգանքի, երախտագիտության ամենամեծ ու ամենակարևոր տուրքը: Բայց քանի որ սա, հաշվի առնելով նախկինում նմանատիպ մի քանի անհաջող փորձերը, մնում է ուտոպիա, ընտրություններին մասնակից բոլոր ուժերի համաձայնությամբ քվեարկության օրը փոխելու որոշումը մնում է միակ ռացիոնալ լուծումը: Գուցե դա ներազգային, ներքաղաքական միասնականության դրսևորման եզակի դրսևորում դառնա, որը, արժանապատիվ ու քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորման տեսանկյունից, շատ ավելի կարևոր է, քան քվեարկության օրվա որոշման պրիզմայով մեղադրանքների հնչեցումը:
Կհաջողվի՞ նման փոխըմբռնման ձեռք բերումը, կպարզվի տասը օրից: Փետրվարի 6-16-ը ընտրություններին մասնակցության գրացման ժամետն է: Մինչև փետրվարի 16-ը, փաստորեն, վերջնականապես պարզ կլինի, թե որ ուժերն են մասնակցելու ընտրություններին և ինչ ձևաչափով, հետևաբար նաև՝ թե որ ուժերն են ցուցաբերելու մեր իրականությունն ավելի լավը դարձնելուն ուղղված այդ փոքրիկ, բայց ոչ անկարևոր քայլը կատարելու կամքը:
Գևորգ Դարբինյան