կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 15:17
Քաղաքական

Նալբանդյանը ներկայացրեց 2016-ի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակագրությունը

Նալբանդյանը ներկայացրեց  2016-ի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակագրությունը

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփիչ ասուլիսով ներկայացրեց նախարարության` 2016թ. գործունեությունը:

Ըստ այդմ` 2016 թ.  ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է իր աշխատանքները` ուղղված Հայաստանի  արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը:

2016թ. Հայաստանը շարունակել է  ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ ջանքերը` ուղղված Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Ըստ Նալբանդյանի`  Ադրբեջանը, ընդդիմանալով համանախագահ երկրների կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկներին, ինչպես նախկինում, փորձեր էր կատարում խաթարել բանակցային գործընթացը՝ ամիսներ շարունակ հրաժարվելով հանդիպել անգամ Մինսկի խմբի համանախագահների հետ` ձգտելով հիմնահարցի քննարկումները տեղափոխել միջազգային այլ հարթակներ:

Հունվարի 22-ին եռանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որումղ վերահաստատեցին, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է հիմնահարցի հանգուցալուծման` միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը, և կոչ արեցին ձեռնպահ մնալ խաղաղության գործընթացը վտանգող քայլերից:

Ապրիլի սկզբին Բաքուն Արցախի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան։ ՀՀ արտգործնախարարությունը և արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ծավալուն աշխատանք իրականացրեցին՝ միջազգային հանրությանը ներկայացնելու ադրբեջանական ագրեսիան ու դրա ընթացքում Բաքվի կողմից միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարումները։

Ապրիլի 5-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն` դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել հրադադարը՝ համաձայն 1994թ. զինադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագրի:

Ապրիլին ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանը տարածեց պաշտոնական նամակներ՝ փորձելով հարցականի տակ դնել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի վավերականությունը։ Հայաստանի ջանքերի շնորհիվ համանախագահ երկրները ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում հայտագրեր շրջանառեցին, որոնցում շեշտվում էր, որ 1994- 1995թթ. զինադադարի համաձայնագրերն անժամկետ են, շարունակում են մնալ ուժի մեջ, և կողմերը պետք է խստորեն հարգեն դրանք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային այս դիրքորոշումը վերահաստատվեց նաև մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի և դեկտեմբերի 8-ի Համբուրգի ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում արված հայտարարություններում։

Բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով, ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, մայիսի 16-ին Վիեննայում և, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Վիեննայի գագաթաժողովում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների մակարդակով, իսկ Սանկտ  Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարություններում վերահաստատվեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, ամրագրվեցին պայմանավորվածությունները՝ շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Այդ համաձայնություններն Ադրբեջանի քաղաքականության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել։

Մայիսի 17-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով ընդգծեց գերմանական նախագահության աջակցությունը հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։

Դեկտեմբերի 8-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ, Համբուրգում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նույն օրը ԵԱՀԿ ԱԳ նախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին գործերի նախարարները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հանդես եկան հատուկ հայտարարությամբ` խստորեն դատապարտեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում կատարված վայրագությունները՝ ընդգծելով, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Նրանք կոչ արեցին հարգել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունները՝ պահանջելով ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները։ Համանախագահ երկրները հատուկ շեշտեցին, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա, ինչպես նաև այն տարրերի վրա, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից իրենց հինգ հայտնի հայտարարություններում` որպես մեկ ամբողջություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համբուրգյան հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի և միջազգային միջնորդների մոտեցումները համահունչ են։

Դեկտեմբերի 29-ին, խախտելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում իր կողմից ստանձնված պարտավորությունները, Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման նոր փորձ ձեռնարկեց Հայաստանի պետական սահմանին: