կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 13:04
Հասարակություն

Կյանքից հեռացել է Զաքար Խաչատրյանը

Կյանքից հեռացել է Զաքար Խաչատրյանը

92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է Զաքար Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

***

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նկարիչը դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք 1946-ին ընդունվում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և ավարտում 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդն արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որը գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանանում` մրցանակների ու դիպլոմների:

Նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարված սքանչելի կտավները աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են մեր կյանքն ու իրականությունը ժամանակի մեջ:

1970-1992 թվականներին, այնուհետև` 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:

Զաքար Խաչատրյանը՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ Պետերբուրգի վետերանների խորհրդի նախագահը:

Հայրենասերի, իսկական  քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների և գործընկերների սրտում: