կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 21:09
Քաղաքական

Կարեն Կարապետյանի աշունը դեռ չի եկել. Աշոտ Աղաբաբյան

Կարեն Կարապետյանի աշունը դեռ չի եկել. Աշոտ Աղաբաբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքով` բոլորս պետք է խաղաղ երկնքի, մեր անվտանգության, ժողովրդի բարօրության սպասելիքներ ունենանք և պայքարենք դրանց համար, բայց ոչ թե` միայն մինչև աթոռը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր:

Yerkir.am-ի հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ բնական կընդունի այն, որ հանրապետության և ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ընտրական ցուցակը: «Ուրիշ բան եթե ինքը ցուցակից դուրս գա, անցնի կուսակցական աշխատանքի, դա իր որոշելիքն է: Եթե մենք նորից իշխանություն մնանք,  ցուցակում կլինեն մարդիկ, որ կգնան գործադիր մարմին, կանցնեն կուսակցական աշխատանքի, ուղղակի ռեյտինգի մասին է խոսքը, դա է կարևոր»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` կուսակցության ցուցակը պետք է գլխավորի հենց կուսակցության ղեկավարը: «Էդ ո՞ր կուսակցականը չի ուզենա` իր կուսակցության նախագահը գլխավորի նախընտրական ցուցակը: Այսքան ժամանակ առաջնորդներ ենք ունեցել, չի եղել որևէ առաջնորդ, որ չգլխավորի ցուցակը»,- նշեց Աղաբաբյանը:

Նա համաձայն չէ այն կարծիքին, որ Սերժ Սարգսյանի` ցուցակը գլխավորելը կարող է ազդել ՀՀԿ-ի ռեյտինգի վրա, պատգամավորի կարծիքով` հենց կուսակցության նախագահը պետք է գլխավորի թիմի նախընտրական ցուցակը:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք Կարեն Կարապետյանից հասարակության ունեցած ակնկալիքները ի չիք չեն դարձել, որովհետև ըստ որոշ գնահատականների ոչ մի դրական տեղաշարժ չկա, Աղաբաբյանը նշեց, որ նման գնահատականներ տալու համար դեռ շուտ է: «Մարդը եկել է աշխատելու, փորձում ենք անընդհատ մարդուն խանգարել` էս ասեց, չարեց, էն ասեց, չարեց, բայց մենք ի՞նչ գիտենք: Դրա պատասխանը կարելի է մի վեց ամիս, մի տարի հետո տալ, որովհետև հիմա մարդը եկել, հայտարարություններ է արել: Նրանք էլ են եկել, արել /մյուս վարչապետները խմբ./, բայց նրանց հայտարարություններին ոչ մեկ չի էլ հավատացել: Ի՞նչ է նշանակում երկու- երեք տարին մեկ վարչապետ փոխել, ուրեմն երկիրը վատ վիճակում է, չէ՞: Մենք պիտի հասկանանք, հավատանք: Միշտ ասում են, չէ՞, ճտերն աշնանն են հաշվում: Մարդու աշունը դեռ չի եկել, համբերենք մի քիչ»,- ասաց նա, ապա հավելեց, որ պետք է սպասել` մինչև թվեր հրապարակվեն արտահանման և մնացած ոլորտների ցուցանիշների վերաբերյալ:

Մեր հարցին` այսինքն` գո՞հ է Կարեն Կարապետյանի գործունեությունից, պատասխանեց, որ պետական մտածողության, ազգային մտածողության հարցում չի կարող ասել, պետք է ժամանակ տալ և տեսնել, բայց կարծում է, որ այս վարչապետը ավելի սրտացավ մոտեցում ունի և' պետության, և' հայ ժողովրդի նկատմամբ: