Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 17:59
Քաղաքական

Ծառուկյանի վերադարձը չի կարող հակակշիռ լինել ՀՀԿ-ին. Աշոտ Աղաբաբյան

Ծառուկյանի վերադարձը չի կարող հակակշիռ լինել ՀՀԿ-ին. Աշոտ Աղաբաբյան

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետականը կորոշի՝ առաջիկա խորհրդարանում ինքը կլինի՞, թե՞ ոչ: «Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցությունը պետք է որոշում կայացնի: Եթե այդ որոշումը կայացվի, դեմ չեմ լինի ՀՀԿ-ի ցուցակով կրկին խորհրդարան գալուն»,- ասաց պատգամավորը, ով տևական ժամանակ է չի այցելում խորհրդարան և, ըստ Parliamentmonitoring-ի վերջին տվյալների, ամենաշատ բացակայած երկու պատգամավորներից մեկն է. մյուս պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է:

Աղաբաբյանը վստահեցրեց, որ «որևէ վրդովմունք չունի հարազատ կուսակցության հանդեպ»: «Ինչ եղել է, դրանք ժամանակավոր բաներ են»,- ասաց նա:

Երբ հիշեցրեցինք, որ ոչ վաղ անցյալում հենց մեզ հետ զրույցում բոլորովին այլ բաներ էր հայտարարում, ընդգծված վրդովմունք կար ու «նեղացվածություն», Աղաբաբյանը պատասխանեց, որ եթե խորհրդարանում միանձնյա որոշումներ են ընդունվում, և հարցերի շուրջ քննարկումներ չեն լինում, «դեբատ չի լինում», վրդովվածություն պարզ է, որ կլինի:

Ի դեպ, պատգամավորը նշեց, որ չի էլ ուզում գտնվել խորհրդարանում, եթե այս կազմը պահպանվի, նաև ընդգծեց, որ իրեն որևէ այլ կուսակցությունում չի պատկերացնում  և երբևէ չի որոշի հեռանալ ՀՀԿ-ից:

Խոսելով քաղաքական ուժերի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով միավորում կազմելու մասին՝ պատգամավորը նշեց. «Բոլորն էլ ուզում են կուսակցական, քաղաքական ճանապարհներով առաջ գնալ, մտնել ԱԺ, բայց Հայաստանում մի քանի կուսակցություններ են, որ իրենց ուրույն դիրքն ու տեղն ունեն, մնացածի դեպքում ոչ մի բան չի էլ փոխվելու իրենց ապագայում: Միևնույն է, ՀՀԿ-ն նորից հաղթելու է»:

Պատգամավորի խոսքով՝ հայաստանյան քաղաքական դաշտում կշիռ ունեցող կուսակցություններն են` ՀՀԿ-ն , ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: «ՀՅԴ-ն իր ուրույն դերն ունի և ունի հստակ գաղափարախոսություն, ՀՀԿ-ն՝ նույնպես:  Մնացած կուսակցություններն ընդամենը քաղաքական ուժեր են, որոնք ուզում են տեղ ունենալ պառլամենտում»,- ասաց նա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալուն՝ Աղաբաբյանը կարծիք հայտնեց, որ Ծառուկյանի վերադարձը երբևէ չի կարող հակակշիռ լինել Հանրապետական կուսակցությանը: «Երբեք, ո՞նց կարելի է այդպես, դուք տեսե՞լ եք ՀՀԿ-ից մեկը գնա-գա, կուսակցությունը հո չգիտեմ ինչ չի՞, որ հա գնան-գան, այդպես չի լինում, մարդիկ լուրջ չեն ընկալի»,- եզրափակեց մեր զրուցակիցը: