կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 19:33
Հասարակություն

Աշխարհում կան 15 եւ ավելի բարձր տարիքի 1,1 մլրդ ծխողներ․ ԱՀԿ

Աշխարհում կան 15 եւ ավելի բարձր տարիքի 1,1 մլրդ ծխողներ․ ԱՀԿ

Ծխելը տարեկան 1 տրլն դոլարի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը: Այս եզրակացությունն է բովանդակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի զեկույցը:

Գրեթե 700 էջանոց ուսումնասիրությունը նվիրված է «ծխախոտի տնտեսությանը եւ ծխախոտի վերահսկողության տնտեսությանը»: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացությանը, որ «ծխախոտի արդյունաբերությունը եւ դրա արտադրանքի մահաբեր ներգործությունը տարեկան համաշխարհային տնտեսության վրա նստում է 1 տրլն դոլար՝ նկատի առնելով բուժման ծախսերը եւ աշխատանքի արտադրողականության կորուստները»:

Նշվում է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:

Ընդամենն աշխարհում կան 15 եւ ավելի բարձր տարիքի 1,1 մլրդ ծխողներ: Նրանցից շուրջ 226 միլիոնն ապրում է աղքատության մեջ: «Ծխախոտի գործածման գլոբալ բեռը հսկայական է, այն ավելի ու ավելի է ծանրանում միջին եւ ցածր եկամուտներ ունեցող երկրներում»,- նշվում է հետազոտության մեջ:

Փորձագետների գնահատումներով՝ սիգարետի յուրաքանչյուր տուփի հաշվով ընդամենը 0,8 դոլարով հարկերի ավելացումը պետություններին թույլ կտար տարեկան լրացուցիչ ստանալ 140 մլրդ դոլար: Դա կհանգեցներ աշխարհում միջինը 42 տոկոսով ծխախոտի արտադրանքի գների աճի եւ 66 միլիոն մարդով (9 տոկոսով) ծխողների թվի նվազման: Մասնագետները մատնանշում են, որ ծխախոտի արտադրանքի գների բարձրացումը կարող Է զգալիորեն ավելացնել պետական եկամուտները՝ դրանք հետագայում առողջապահության եւ զարգացման կարիքների համար օգտագործելու նպատակով:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ «ծխախոտի ընկերությունների շուկայական հզորությունը վերջին տարիներին աճել է»: 2014 թվականին հինգ խոշորագույն ընկերություններ վերահսկում էին սիգարետների համաշխարհային շուկայի 85 տոկոսը: Փորձագետները նշում են, որ դրանց ազդեցության սահմանափակմանն ուղղված քաղաքականությունը «խոստանում է բերել ծխախոտի գործածության նվազման», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: