կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 15:06
Քաղաքական

Ոգևորված չէ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու որոշմամբ

Ոգևորված չէ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու որոշմամբ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը և նշեց, որ համաձայն չէ հնչեցված մի շարք դրույթների հետ: Մասնավորապես` քաղաքագետն առանձնացրեց Տեր-Պետրոսյանի այն կարծիքը, թե Հայաստանի գոյությանը սպառնացող արտաքին վտանգներ չկան:

«Նրա այն մոտեցումը, որ արտաքին սպառնալիքներ մենք չունենք, ճիշտ չէ: Արտաքին սպառնալիքներ կան, և այդ սպառնալիքները վերաբերում են հենց մեր պետությունների գոյությանը: Այնպես չէ, որ այդ սպառնալիքներն իրականացվում են միայն զուտ Արցախյան հարցը լուծելու համար: Ալիևը բաց խոսում է իրենց պահանջատիրության սահմանների մասին, ասում է` մինչև Երևան, մինչև Սյունիք մերն է»,- ասաց նա:

Ըստ Մելիք-Շահնազարյանի` այն, որ Թուրքիան և Ադրբեջանը հստակ թշնամական քաղաքականություն են իրականացնում, և որոնց հիմնական նպատակը հայկական պետականության կործանումն է, սա փաստ է:  «Վերջին հաշվով` մենք չենք այդ պատերազմը պարտադրում մեր հարևաններին, և մենք չէ, որ ձգտում ենք մշտապես ունենալ պատերազմական իրավիճակ: Նաև Թուրքիան չէր, որ ժամանակին նախաձեռնեց հարաբերությունների կարգավորելու գործընթացը, դա նույնպես Հայաստանն էր, որը մերժվեց նույն Թուրքիայի կողմից: Այս ամենը մի կողմ դնել և ասել, որ սպառնալիքներ չկան, սխալ ենք անում: Որ թշնամանք ենք անում, ինձ համար առնվազն անտրամաբանական է»,- ընդգծեց նա:

Քաղաքագետը նշեց, որ Տեր-Պետրոսյանը փաստացի իր քաղաքական ծրագիրն է ներկայացրել և քարոզարշավը սրա հիման վրա է իրականացնելու: Նա համոզմունք հայտնեց, որ դա ոչ պոպուլյար մոտեցում է և մեծ հաշվով լինելու է ՀԱԿ-ի ձախողման հերթական պատճառներից մեկը, և եթե նպատակը քարոզարշավը սենսացիայի վրա կառուցելն էր, ապա սենսացիան ապահովված է:

Քաղաքագետը չցանկացավ կանխատեսումներ անել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի վերաբերյալ` նշելով, որ ամեն պահի իրավիճակ է փոխվում:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը` Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ոգևորված չէ այդ որոշումից, և որ Օհանյանը կարող էր լինել լավ հասարակական-քաղաքական գործիչ` չմասնակցելով քաղաքական գործընթացներին: Նա հույս հայտնեց, որ, ի դեմս Օհանյանի, չենք կորցնի պետական գործչի:

Քաղաքագետը նաև նշեց, որ հույս ունի, որ ընտրություններին մրցակցություն կլինի, որովհետև դա անհրաժեշտ է` պետության դրական զարգացման տեսակետից, քանի որ քաղաքական հակակշիռներ ունենալը կարևոր է:

Խոսելով Կարեն Կարապետյանի կառավարության 100 օրը լրանալու մասին` նա նշեց, 100 օրվա գաղափարն իրեն դուր չի գալիս: «Երբ նախարար են նշանակում, և հարցի դեպքում նա նշում է, որ ժամանակ է պետք` մինչև հասկանա, 100 օրը լրանա և այլն, դա սխալ է: Ոլորտում պետք է նշանակվեն այնպիսի մարդիկ, որոնք նշանակման պահից արդյունավետ կաշխատեն, այսինքն` լավ պետք է ճանաչեն ոլորտը, տնտեսությունը, որպեսզի չհղվեն այդ 100 օրվա տեսությանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը` հավելելով` եթե այսօր  լրանում է այդ 100 օրը, սպասենք, տեսնենք` ինչ հեռանկարներ են հնչեցվելու կառավարության կողմից, սակայն ժողովրդի համար այդ ամենը զգալի կլինի քիչ ավելի ուշ: