կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 21:05
Առանց Կատեգորիա

Կարեն Կարապետյանի «ներդրումը» Հայաստանի ապագայում

Կարեն Կարապետյանի «ներդրումը» Հայաստանի ապագայում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովելու, ինչպես նաև ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման համալիր միջոցառումների ժամանակացույցերը: Արդեն սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում աշակերտները կսկսեն ձեռք բերել տնտեսավարման որոշակի բազիսային գիտելիքներ:

Դպրոցում ֆինանսագիտական, տնտեսագիտական կրթության ներդրման գաղափարն իրականում նոր չէ: Դրան ուղղված նախնական քայլեր արվում էին դեռևս 2012-13թթ.: Հայտնի է,որ տնտեսագիտություն, ձեռներեցություն դասավանդելու պրոցեսը կազմակերպելու համար 2013թ. 100-ից ավելի ուսոցիչներ էին վերապատրաստվել: Անգամ` Երևանի դպրոցներից մեկում դասավանդման պիլոտային ծրագիր իրականացվեց: Սակայն այդ նախաձեռնությունը, կարծես, քննություն չբռնեց, թեև պարզ է, որ այդ ուսումնասիրություններն են ընկած  ծրագիրը հիմա կյանքի կոչելու որոշման հիմքում: Սա մի քայլ է, որը կարելի է համարել երկարաժամկետ կտրվածքով խոշոր ստրատեգիական ներդրում Հայաստանի ապագայում՝ ուղղված դպրոցական տարիքից գործարար մտածողության ձևավորմանը:

Դեռ մի քանի տարի առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր բողոքում, որ ո'չ պետական ծառայության և ո'չ էլ մասնավոր հատվածում չկա որակյալ մենեջմենթ և ծրագրավորում, որովհետև չկան պետության և տնտեսության ժամանակակից պահանջմունքներին բավարարող մասնագետներ: Երկու ամիս առաջ  գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն էր խաղողագործների հետ հանդիպման ժամանակ բողոքում, թե խաղողագործները կարողանում են արտադրանք տալ, բայց չեն տիրապետում այն իրացնելու կարողություններին: Այսինքն` հատկապես տնտեսության և կառավարման ներկայիս ճգնաժամային պայմաններում այս խնդիրն առավել քան ակտուալ է Հայաստանի համար և իսկապես պահանջում է հիմնարար, խորքային մոտեցում: 

Հայաստանյան բուհերում տնտեսագիտական գիտելիքներ, իհարկե, տրվում են: Որոշ մասնագիտությունների դեպքում դրանք պարտադիր բարձրագույն կրթական ծրագրերի մաս են կազմում: Օրինակ` բուհերը ժուռնալիստական կրթության համատեքստում պարտադիր ընդգրկում են տնտեսագիտություն առարկան: Սակայն կա կարևոր երեք խնդիր, որ դրանք հանրակրթության մակարդակ տեղափոխելը դարձնում են անհրաժեշտ:

Նախ՝ որպես կանոն, այն, ինչ բուհերում մատուցվում է ուսանողներին, առավելապես վերաբերում է տնտեսագիտության հիմունքներին, տեսությանը, բայց ոչ` գործառնությանը, այսինքն` այն գիտելիքներին, որոնք կօգնեն տեսությունը, հիմունքները կիրառելի դարձնել գործնականում: Դրա համար էլ շատ են դեպքերը, երբ, օրինակ, լրագրողի դիպլոմին կցված ամփոփաթերթում նշվում է, որ նա տնտեսագտությունից ստացել է բարձր գնահատական, բայց այդ լրագրողն իրականում ասպարեզ է մտնում տնտեսագիտությունից գրեթե լիովին բոբիկ:

Երկորդ՝  միջնակարգ դպրոցի ոչ բոլոր աշակերտներն են ընդունվում բուհեր: Եվ կա խնդիր գործարարական հմտություններին հասու դարձնել նաև բուհական կրթությունից դուրս մնացողներին, որոնց շրջանում իրականում կան գործարար ջիղ ունեցողներ: Այդ ռեսուրսը փաստացի անիմաստ և անփութորեն կորսվում է: Հիմա հանրակթական մակարդակում ծրագրերի ներդրումն այդ երիտասարդներին կօգնի ստացած գիտելիքներով փորձել կյանքում ռեալիզացնել իրենց այդ թաքնված պոտենցիալը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ հաջողակ բիզնեսմեն լինելու համար պարտադիր չէ Օքսֆորդի կամ Քեմբրիջի համալսարանն ավարտած լինել:

Եվ երրորդ՝ Հայաստանում հիմնական շեշտադրումն արվում է արժեքի ստեղծման վրա: Ընդ որում՝ պետության սուղ հնարավորությունները, որոշ դեպքերում ոլորտային ոչ ճիշտ կառավարումը ստեղծել են այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ արժեք են ստեղծում՝ ապավինելով բացառապես իրենց ստեղծագործական, կազմակերպչական, մտավոր ռեսուրսներին, ունակություններին: Բայց փոխարենը, ինստիտուցիոնալ առումով, առանց չափազանցության, անգրագիտություն է տիրում ստեղծված արժեքը, պրոդուկտն իրացնելի դարձնելու դաշտում: Գյուղացին չգիտի ներքին ու արտաքին շուկաներ գտնելու, տեխնոլոգիական ներդրումներով արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու և ապրանքը մրցունակ դարձնելու ձևերը, գիտությամբ զբաղվողը, մեծ հաշվով, չի կարողանում իր գաղափարները, մշակումները, որպես տնտեսության այս կամ այն ոլորտի տնտեսվարողներին հետաքրքիր առաջարկ, փաթեթավորելու ձևերը: Շատ դեպքերում մեդիաոլորտի սուբյեկտները չգիտեն իրենց տեղեկատվական պրոդուկտը լայն հասարակությանը հասու դարձնելու, առաջարկ ձևավորելու, նպատակային մարքեթինգ իրականացնելու, միջազգային մեդիահամակարգում ընդգրկվելու և մրցունակ դառնալու ձևերը:

Դպրոցում տնտեսագիտության առարկայի ուսուցումը, բնականաբար, գյուղացուն, ապագա գիտնականին կամ մեդիատնօրենին միանգամից գործարար չի դարձնելու, բայց այն ձևավորելու է այն անհրաժեշտ հիմքը, որի վրա հետո կտրվեն խիստ ոլորտային ձեռնարկատիրական գիտելիքներ:  Այսինքն` եթե հանրակրթության ոլորտում այս ծրագրերն ընդգրկվելու են, լուրջ վերանայումներ պետք է կատարվեն նաև բուհական ծրագրերում:

Այս քայլը կարելի է համեմատել տարիներ առաջ հանրակրթական ծրագրերում շախմատի ուսուցանման ներդրման հետ, որը ոչ այնքան ուղղված էր այդ սպորտաձևի զարգացմանը, որքան երեխաների, այսինքն` Հայաստանի ապագա քաղաքացիների մոտ ստրատեգիական պլանավորման և բազմաքայլ կոմբիանցիաներ ձևակերպելու ունակ մտածողության ձևավորմանը: Պատկերացնել միայն կարելի է, թե այս երկու ուղղություններով հետևողական, ֆունդամենտալ կրթության ապահովումն ինչ արդյունք կարող է տալ տարիներ հետո:

Գևորգ Դարբինյան