Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Էլի Վիզելին նվիրված իր խոսքում` ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության օգտագործումը, անշուշտ, Ցեղասպանության ճանաչմանն ուղղված թույլ քայլ է: Այն հնարավոր չէ համարել լեզվի սայթաքում, որովհետև ձևակերպումը տեղ է գտել նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքի՝ Փաուերի ելույթին անդրադարձող հաղորդագրության մեջ: Սակայն, սա չի նշանակում, որ Ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ն փոխում է քաղաքականությունը՝ երկու հիմնական պատճառով:
Նախ՝ Փաուերը ներկայացնում է ԱՄՆ հեռացող վարչակարգը: Նախագահ Օբաման պաշտոնավարման ութ տարիներին, ընդհուպ կիրառելով ցեղասպանության հոմանիշը հանդիսացող «մեծ Եղեռն» արտահայտությունը, այնուամենայնիվ, այդպես էլ չկատարեց պաշտոնապես Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը: Եվ Փաուերի հայտարարությունը նախագահի հեռանալուց առաջ նրա վարչակազմի կողմից «մեղքը քավելու» յուրօրինակ փոքրիկ ժեստ է ընդամենը: Պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո Սպիտակ Տան ներկայացուցիչ Մարկ Թոները, անդրադառնալով հարցին, թե արդյոք Փաուերի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում ԱՄՆ-ն փոխում է քաղաքականությունը, ընդգծել է. «Նախագահը և վարչակազﬕ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազﬕցս նշել են, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 ﬕլիոն հայերի սպանվելը կամ մահվան երթերով անցնելը պատմական փաստ է, ինչպես նաև, որ այդ փաստի լիակատար, անկեղծ և արդար ընդունումը ﬔր բոլորի շահերից է բխում: Մեր քաղաքականությունը մնում է այսպիսին: Չեմ ուզում խորանալ տերմինաբանության մեջ կամ նրա, թե ինչպես ենք այդ իրադարձությունները հիշատակել»,- ասել է Թոները՝ փաստացի հասկացնելով, որ չնայած պաշտոնական մոտեցման մեջ փոփոխություն չի եղել, սակայն միակ խնդիրը մնում է տեղի ունեցած ոճրագործության իրավական բնութագրիչը տալը, այն ցեղասպասնության, որպես մարդկության դեմ հանցագործության, հանցակազմի մեջ «տեղավորելը»:
Այս իմաստով այլևս կարևոր են ոչ այնքան իր ժամկետը սպառող ներկայիս վարչակարգից, այլ մի քանի ամիս հետո իշխանություը ստանձնող, բայց արդեն ողջ ապարատը ձևավորած հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը: Իսկ Ցեղասպանության ճանաչման հարցում Թրամփը ինչպես ասում են՝ «մութ ձիուկ» է և նրա տրամադրվածությունը դեռ այնքան էլ պարզ չէ, եթե չասենք բացասական է: Խնդիրն այն է, որ ԱՄՆ հանրապետական կուսակցությունն ավանդաբար շատ ավելի պրագմատիկ է արտաքին քաղաքական հարցերում և համամարդկային արժեքներից ավելի հիմնվում է իր շահերի և այդ շահերը սպասարկող գործոնների վրա: Իսկ Թուրքիան այս իմաստով, արևմուտքից օտարման իր ներկայիս քաղաքականությամբ հանդերձ, շարունակում է մնալ ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը մերձավորարևելյան տարածաշրջանում:
Երկրորդ՝ նման ոճով կամ տակտիկայով Հայոց ցեղասպանության ճանաչման դրսևորումներ ԱՄՆ-ն ունեցել է մի քանի անգամ: Նախ՝ ինչպես ժամանակին ամերիկյան «կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն էր նշել, 1951 թ.-ին ԱՄՆ Կառավարությունն իր պաշտոնական փասատթղթերում հիշատակել է, որ 20-րդ դարում տեղի է ունեցել երկու ցեղասպանություն՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը և հրեաների հոլոքոստը:
Բայց ամենաակնառու դեպքը եղել է 1981թ., երբ ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր հայտարարության մեջ 20-րդ դարասկզբի իրադարձությունները նկարագրում է որպես Ցեղասպանություն՝ օգտագործելով այդ տերմինը: Սակայն այն ունի ոչ թե պաշտոնապես ուղղակի ճանաչման նշանակություն, այլ՝ նկարագրողական, ինչպես Սամաթա Փաուերի դեպքում, ով «Ցեղասպանություն» բառը կիրառում է փաստացի Էլի Վիզելի ընկալումների համատեքստում, այլ թե որպես Վաշինգտոնի հստակ քաղաքական որակում: Սա ակնհայտ է դարձնում, որ Վաշինգտոնն ընտրել է Ցեղասպանություն տերմինն օգտագործելու յուրատեսակ մի մոտեցում, երբ, խուսափելով պաշտոնական գնահատականից, այն կիրառվում է այլ իրողությունների շրջանակում՝ հնարավորինս թուլացնելով դրա քաղաքական էֆեկտը և թողնելով մեկնաբանության լայն դիապազոն:
Բայց անկախ դրանից՝ ինչպես Սամանթա Փաուերի հայտարարությունը, այնպես էլ Մարկ Թոների մեկնաբանությունը, իրենց ենթատեքստում մի շատ կարևոր ուղերձ են պարունակում՝ ուղղված Թուրքիային: Դրանք փաստացի նախազգուշացումներ են Անկարային, որ ԱՄՆ-ն արդեն իրեն կարող է թույլ տալ գնալու նաև Ցեղասպանության ճանաչման պաշտոնականացման կամ պաշտոնապես ճանաչման աստիճանն ավելի բարձրացնելու ճանապարհով:
Այն սիրախաղերը, որոնք Թուրքիան սկսել է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առումով և մասնավորապես սիրիական ճգնաժամի համատեքստում, ուղաղկի ստիպում են Վաշինգտոնին միջոցներ ձեռնարկել Ռեջեփ Էրդողանի՝ գնալով անկանխատեսելի դարձող վարքագիծը զսպելու ուղղությամբ: Թուրքիան հաջողությամբ շահարկում է իր տարածքը և մասնավորապես Ինջիրլիքի ռազմակայանը արևմտյան ուժերին սիրիական օպերացիաների համար որպես հենակետ տրամադրելու հանգամանքը՝ միաժամանակ ակնառու քայլեր կատարելով դեպի պրոռուսական և արևելյան օրիենտացիայի որդեգրումը: Անկարայում, իհարկե առավելաբար ԵՄ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու նկատառումով, արդեն բացահայտ խոսում են ռուս-չինական հեգեմոնիայի վրա կառուցված Շանհայան կազմակերպությանն ինտեգրվելու մտադրության մասին: Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետներն օրերս կարծես թե համաձայնության են եկել առևտրատնտեսական գործարքներն ազգային արժույթով իրականացնելու շուրջ: Այս ամենը չի կարող չնյարդայնացնել Վաշինգտոնին, որն էլ, թերևս, ընտրել է Ցեղասպանության ճանաչումը որպես Թուրքիային շանտաժի ենթարկելու միջոց օգտագործելու տարբերակը:
Գևորգ Դարբինյան