կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 14:23
Քաղաքական

Թրամպից հարուստ 5 միլիարդատեր ունենք, որտեղի՞ց…

Թրամպից հարուստ 5 միլիարդատեր ունենք, որտեղի՞ց…

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա կարծիք հայտնեց, որ բյուջեի նախագիծը բացարձակապես ադեկվատ չէ իրականությանը, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է և պետք է քաղաքական լուծումներ առաջարկի:

«Դուք բացարձակ չեք անդրադառնում Հայստանի տնտեսության հիվանդ կողմերին: Չեք խոսում կոռուպցիայից, մենաշնորհից: Ո՞րն է ձեր կառավարության կոնցեպտը, որով կտարբերվեք նախորդ կառավարությունից, չէ՞ որ վիճակը ճգնաժամային է»,- ասաց Մանուկյանը:

Նախարարը պատասխանեց, որ բյուջեն, քաղաքական փաստաթուղթ լինելուց բացի, նաև մակրոտնտեսական գործիք է տնտեսական կայունություն ապահովելու համար, որի նպատակը տնտեսական աճի հիմքերն ամրացնելն է: Արամյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը արծարծված է կառավարության ծրագրի որոշ գործողություններում: Նա նշեց, որ լավագույն տարբերակներից մեկը, որ կա ամբողջ աշխարհում, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն է, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը` պաշտոնյա-քաղաքացի շփումը բացառելու նպատակով, որովհետև միայն շփման դեպքում է, որ խոսակցություն և գործընթաց կարող է լինել չինովնիկին «լավ վերաբերմունք ցուցաբերելու» մասին:

Արամ Մանուկյանն արձագանքեց, որ այն, ինչ ասում է նախարարը, իհարկե, անհրաժեշտ քայլեր են, բայց հիմնովին քայքայված, փտախտով տառապող տնտեսությանը տալիս են մրսածության դեղեր` հույսով, որ դա կբուժի:

«Ձեր քայլերը, լինելով ճիշտ, համարժեք չեն այսօրվա իրականությանը, ռադիկալ քայլեր են պետք: 40 տոկոս ստվեր կա, առնվազն հինգ միլիարդատեր կա, որ Թրամպից հարուստ են: Այդ հարստությունը որտեղի՞ց է առաջացել, չէ՞ որ դա համակարգային հիվանդության արդյունք է: Եվ այսօր դուք, քաղցկեղը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Այդպես երկիրը ուշքի չի գա»,- ասաց պատգամավորը: