կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 01:35
Քաղաքական

Ստորագրությունը հետ վերցնելն անհրաժեշտություն է

Ստորագրությունը հետ վերցնելն անհրաժեշտություն է

Թուրք դիվանագետներն այս տարի մասնակցելու են ապրիլի 24-ին նվիրված սփյուռքյան միջոցառումներին: Այդ մասին վերջերս գրել է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, թե դա համեմատվում է այն բանի հետ, որ Թուրքիան նախարարի մակարդակով մասնակցեց Հոլոքոստին նվիրված միջոցառումներին, թեեւ Իսրայելի հետ հարաբերությունները սրված են:

 

Սակայն, Կ. Մանոյանի խոսքերով, տվյալ դեպքում նպատակն այլ է. Թուրքիան ցանկանում է կանխել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչվելը. «Թուրքիան փորձում է  ցույց տալ, թե ինչ-որ տեղաշարժ կա, փորձում է քայլեր անել, որպեսզի Հայաստանի վրա ճնշումը շարունակվի»:

 

Անցյալ տարվա ապրիլի 22-ին, երբ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը, նշեց, որ «առայժմ հետ չենք վերցնում մեր ստորագրությունը»: Ըստ Կ. Մանոյանի` այդ «առայժմի» ժամկետը մոտենում է ավարտին:

 

Բանախոսը նշեց, որ պարզապես անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի. «Պատճառները շատ են, անհրաժեշտ է վայրկյան առաջ դա անել: Թուրքիան անընդհատ  հայտարարում է, որ, միեւնույն է, ինքն այդ արձանագրությունները չի վավերացնելու` մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի»: