կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 12:06
Իրավական

Վերաքննիչը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի և նրա մարտական ընկերոջ բողոքները

Վերաքննիչը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի և նրա մարտական ընկերոջ բողոքները

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել «Իգլա»-ի գործով կալանավորված Սամվել Բաբայանի և նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքները: Նրանք բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝  երկու ամսով կալանավորելու մասին որոշումները:

Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը Yerkir.am-ին հայտնեց, որ մինչ օրս իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ առերեսում չի կատարվել: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն էլ Yerkir.am-ին հայտնեց, որ Բաբայանի նկատմամբ նոր քննչական գործողություններ չեն կատարվել, և որ պաշտպանական կողմն առայժմ  սպասում է բողոքի քննությանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն մեղսագրված հանցանքը:

Հիշեցնենք, որ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: