Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում է պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Այդ ոլորտում արդեն որոշակի ուսումնասիրություններ են կատարվել:
«Հանձնարարում եմ ընդունել ի գիտություն, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն, և օրենսդրական կարգավորումներում հաշվի առնել այդ հանգամանքը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց այդ ծառայությունները բնակչության համար հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով ուսումնասիրել և արդարադատության նախարարություն ներկայացնել գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և պահանջվող փաստաթղթերը: Արդարադատության նախարարին հանձնարարվեց ամփոփել տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն:
Նշված խնդիրների լուծման նպատակով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվեց երկօրյա ժամկետում ձևակերպել հանձնարարականներ` նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները:
«Մենք պետք է մաքսիմալ բաց ու թափանցիկ ստեղծենք համապատասխան վայրեր ու հրապարակներ, որտեղ քաղաքացին գալիս է և կարճ ժամկետում ստանում այն, ինչ ակնկալում էր պետական մարմիններից»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կարևոր է այդ գործում վերացնել հերթերը, տեղեկանքների հետ կապված քաշքշուկները և այլն:
Մյուս հանձնարարականը վերաբերում էր պետական համակարգի պարզեցմանը: Վարչապետը հանձնարարեց գործադիր մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար են ընդունվել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
Դավիթ Հարությունյանին հանձնարարվեց ամփոփել ստացված առաջարկությունները` դրանք ներառելով իրավական ակտերի փոփոխություններում: Տարվա մեջ կառավարությունը կայացնում է 2600 որոշում, և կան բազմաթիվ որոշումներ, որոնք նախարարությունները կարող են տեղում լուծել:
«Մենք ուզում ենք վստահության կառավարման համակարգ ստեղծել, վստահել մեր թիմի անդամներին և մաքսիմալ ձևակերպել, թե որ որոշումներն են լիազորված ընդունելու: Ամբողջ լիազորությունները կենտրոնացնելով այստեղ` մենք արդյունավետ կառավարում չենք ունենա: Մենք որոշում ենք կայացնելու` որոշումների ընդունման մի մասը ապակենտրոնացնել»,- ասաց Կարապետյանը: