կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 11:27
Քաղաքական

Թքել իրականության երեսին

Թքել իրականության երեսին

Կառավարության` երեկ կայացած նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ կենսաթոշակների թիրախավորված բարձրացումը էականորեն նվազեցրել է կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը: Կարդում ես ու ապշում:

 

Լավ, կարելի է ապրել հասարակությունից հնարավորին ու անհնարին չափով անջրպետված, ընդ որում` անջրպետ դարձրած սեփական անհոգությունն ու անհոգիությունը, բայց որքա'ն պիտի իրականությունից կտրված լինել, որքա'ն պիտի անհաղորդ լինել հարյուրհազարավոր մարդկանց հոգս ու կարիքին` այդպիսի անհեթեթություն հայտարարելու համար:

 

Եվ եթե իշխանությունն ա'յս չափով է ճանաչում իր «թիրախների» կարիքը, եթե իսկապես մտածում է, որ ինչ-որ չնչին հազար դրամներ, այն է` կոպեկներ, կարող էին էականորեն նվազեցնել աղքատության մակարդակը, ուրեմն արժե լրջորեն կասկածել իշխանության ներկայացուցիչների մարդկային ու մասնագիտական «մակարդակների» վրա:

 

Նախարար Ա. Ասատրյանը վերոհիշյալ հայտարարությունից հետո սկսել է նաև փաստարկել ասածը, ինչ-որ վիճակագրական թվեր է հրապարակել, ինչ-որ հաշվումներ ու հաշվարկներ արել` ապացուցելու համար, որ աղքատության մակարդակն իսկապես ու էապես նվազել է: Եվ բնավ պետք չէ նախանձել նախարարին, ախր այնքան աննախանձելի պարտականություն է`թաքնվել ինչ-որ թիվ ու աղյուսակների հետևում, դրանց «արանքից» ծիկրակել իրականությունն ու վերջինս տեսնել այդ թվերի «լույսի» ներքո:

 

Դա նշանակում է, ամենից առաջ, թքել իրականության երեսին, նշանակում է կուշտ ու ինքնագոհ ծանակել «աղքատության նվազող մակարդակի» վրա գոյություն քարշ տվողներին: Ու դա կարող է անել ով ասես, սակայն ոչ նախարարը, այն էլ` սոցիալական հարցերի, որին, կարծես թե, նախարար են կարգել ոչ այն բանի համար, որ ինչպես էլ նայի իրականությանը՝ «աղքատության նվազող մակարդակ» տեսնի, այլ` որ ապահովի այդ մակարդակը: Մի բան, որի հակառակն է այս կառավարությանն առայժմ հաջողվում:

 

Լ. Սարգսյան