Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առթիվ զորահանդեսի փորձի ժամանակ ցուցադրվեցին հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, ինչպես նաև օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» հրթիռային համակարգ, որոնք նախկինում հայկական զինուժը երբեք չէր ցուցադրել: Թեև ՀՀ ԶՈՒ-ն այս կապակցությամբ պաշտոնապես դեռ որևէ մեկնաբանություն չի տվել, սակայն պետք է ենթադրել, որ ցուցադրվածի մեծ մասն այն զինտեխնիկան էր, որը Հայաստանը պետք է ստանար դեռևս 2014թ. վերջին կնքված հայ-ռուսական` 200 մլն դոլար վարկային պայմանագրով, և որի իրականացումը ռուսական կողմի հարուցած բարդությունների պատճառով հետաձգվում էր:
Ցուցադրված արդիական զինտեխնիկայի տեսականուց ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ շեշտը դրվել է հակաօդային պաշտպանության, այդ թվում` թերևս, նաև ԱԹՍ-ների դեմ պայքարի վրա՝ նկատի առնելով այս ուղղությամբ ադրբեջանական զինուժի սպառազինության հագեցվածությունը հավասարակշռելու անհրաժեշտությունը: Առայժմ դժվար է ասել՝ ցուցադրվածն ամփոփո՞ւմ է բանակի նոր տեխնիկական ձեռքբերումներն ամբողջությամբ, թե՞ ոչ: Հարցի պատասխանը, թերևս, կտա առաջիկա զորահանդեսը: Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակը խնդիր ունի համալրելու նաև տանկային ու հատկապես` հակատանկային միջոցների պարկը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է ռուսական արտադրության ամենաարդիական T90-C տանկերի և TOC համակարգերի ձեռք բերումը: Այս ոլորտում հավասարակշռության վերականգնումը լրջագույն ստրատեգիական խնդիր է: Հակառակորդը հատկապես ապրիլյան պատերազմից հետո հրաշալի պատկերացում ունի հայկական բանակների՝ հակաօդային պաշտպանության և օպերատիվ տակտիկական, հրթիռահրետանային համակարգերի պոտենցիալի մասին: Սակայն ցամաքային փոքրիկ ռազմական օպերացիաների իրականացման, այսպես կոչված` մաշեցնող պատերազմի մարտավարության պարագայում որոշիչ նշանակություն են ունենում ոչ թե այդ, այլ հրետանային և տանկային միջոցները՝ ինչպես հակառակորդի զինտեխնիկան շարքից հանելու, այնպես էլ կենդանի զինուժին ցուցաբերած ահռելի օժանդակության տեսանկյունից: Չի բացառվում, որ ՀՀ ԶՈՒ-ն առաջիկա զորահանդեսին անակնկալ կմատուցի` նաև այս ուղղությամբ նոր ձեռքբերումներ ցուցադրելով:
«Սմերչ», «Իսկանդեր», «Սկադ», «Բուկ» համակարգերը, որոնցով, փաստորեն, արդեն համալրված է հայկական բանակը, ունեն առավելապես կանխարգելիչ-զսպող նշանակություն: Անկախության տոնի առթիվ անցկացվող զորահանդեսին դրանք ցուցադրվելու են Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի դիմելուց զերծ պահելու նպատակով, թեև ամենևին չի բացառվում, որ այս ընթացքում հակառակորդը ևս հասցրել է նոր սպառազինություն ձեռք բերել:
Այս ամենով հանդերձ, սակայն, նոր զինտեխնիկայի և հատկապես «Իսկանդեր» համակարգի ցուցադրությունը ստիպում է ուշադրություն դարձնել մի շատ նուրբ հանգամանքի. այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ցուցադրվեցին այդ համակարգերը, Ռուսաստանից գրեթե անմիջապես այնպիսի տեղեկատվական ֆոն ստեղծվեց, թե հայկական բանակը «Իսկանդեր»-ը ձեռք է բերել ոչ այդ` 200 մլն դոլարանոց վարկի շրջանակներում: «Վեդոմոստի» պարբերականը, հղում կատարելով պետական «Ռոսօբորոնէքսպոտ»-ի իր աղբյուրներին, գրեց, թե այդ համակարգի մեկ դիվիզիոն հայկական բանակը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զինամթերքի մատակարարման պայմանագրերի հիման վրա: Այն, որ «Իսկանդեր» համակարգի վաճառքը չի կարող զուտ ռազմական գործարք լինել և չի կարող իրականացվել առանց պաշտոնական Մոսկվայի համաձայնության, որևէ կասկած չի հարուցում: Հետևաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է Մոսկվայի կողմից տեղեկատվական նման քաղաքականություն վարելու հիմնական նպատակը:
Ըստ էության` անուղղակիորեն հայաստանյան հասարակությանն է հասցվում այն գաղափարը, որ «Իսկանդեր» համակարգը ՀՀ-ն ձեռք է բերել իր միջոցներով և, ըստ ամենայնի, ավելի շուտ, քան կնքվել է 200 մլն դոլարի վարկային պայմանագիրը: Սա կարող է հետապնդել երկու քարոզչական նպատակ: Առաջին՝ ցույց տալ, որ Ռուսաստանը կատարում է Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները և չի հրաժարվում իր դաշնակցային պարտավորություններից: Պարզ է՝ սա արվում է Հայաստանում թափ հավաքող հակառուսական տրամադրությունները չափավորելու նկատառումով: Երկրորդ՝ որ հայկական բանակն այդ համակարգերը կարող է օգտագործել նաև ղարաբաղա-ադրբեջանական նոր պատերազմի պարագայում, քանի որ դրանք պատկանում են ոչ թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային, այլ հենց հայկական բանակին: Ակնհայտ է, որ երկրորդ ենթատեքստային ուղերձն ուղղված է Ադրբեջանին: Եվ այստեղ առաջ է գալիս երկրորդ խնդիրը: Ինչո՞ւ է Ռուսաստանը նման ուղերձ հղում մի երկրի, որին հսկայական քանակությամբ հարձակողական զինտեխնիկա է մատակարարում և որի հետ սերտ համագործակցությամբ փորձում էր ուղղորդել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, այսպես կոչված, «տարածքներ` խաղաղության դիմաց» պրոադրբեջանական սկզբունքի հիման վրա:
Եթե հայկական կողմն իսկապես «Իսկանդեր» համակարգը ձեռք է բերել ավել վաղ, քան հայ-ռուսական վարկային պայմանագիրն է ստորագրվել, ինչի մասին համառ լուրերը չեն դադարել նախորդ 3 տարիներին, ապա պետք է ենթադրել, որ մինչև հիմա դրանք չեն ցուցադրվել մարտավարական նկատառումներով և ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում: Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ Հայաստանին Ռուսաստանի կողմից նման համակարգ տրամադրելու փաստի հաստատումը ռուս-ադրբեջանական քաղաքական «սիրավեպի», առավել ևս՝ Մոսկվայի՝ իբրև ԼՂ հարցում ամենաազդեցիկ միջնորդի հեղինակության վրա: Եվ եթե հիմա խնդիր է դրվել ցուցադրել դրանք, ապա պետք է ենթադրել, որ ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի վարքագիծը սկսել է խնդրահարույց դառնալ նաև Մոսկվայի համար: Ընդ որում՝ այս աստիճանի, որ Մոսկվան Բաքվին սիրաշահելու և Երևանին որոշակի զիջումների տրամադրելու մարտավարությունից անցնում է հայկական «Իսկանդեր»-ի բացահայտման միջոցով Ադրբեջանին նախազգուշացման, զսպման մարտավարության: Պետք է ենթադրել, որ Մոսկվան թերևս այս փուլում սպառված է համարում «ռուսական պլանով» ԼՂ հիմնահարցի կարգավորման հետապրիլյան նախաձեռնությունը: Մոսկվան հասկացել է, որ ՀՀ իշխանությունները զիջումների գնալու ռեսուրս չունեն: Եվ որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առումով Մոսկվայից ակնկալիքներ ունեցող Բաքվի հիասթափությունը նոր ռազմական արկածախնդրության գնալու վտանգավոր որոշման չհանգեցնի, Մոսկվան կարող էր շահագրգռված լինել Հայաստանի (Արցախի) ռազմական ամբողջ պոտենցիալի բացահայտմամբ Ադրբեջանին զսպելու, նախազգուշացնելու մեջ: Իսկ եթե այդպես է, ապա թե\' Մոսկվայում և թե\' Երևանում իսկապես բարձր են համարում նոր ռազմական առճակատման հնարավորությունը:
Գևորգ Դարբինյան