Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր-է» հրթիռային համակարգի ցուցադրությունից հետո որոշ շրջանակներ ու հատկապես ընդգծված ռուսատյացներ հետևողականորեն հասարակությանը փորձում են համոզել, որ այդ համակարգը բացարձակապես չի բարձրացնում հայկական բանակի մարտունակությունը, մեծացնում է Հայաստանի անվտանգության սպառնալիքը, քանի որ երկիրը վերածում է թիրախի, և որ այդ համակարգը երբեք չի կրակելու, քանի որ նախ նրան թույլ չեն տա, երկրորդ՝ դրա հետևանքները կլինեն կործանարար մեզ համար: Հանրային կարծիքի նկատմամբ այս քարոզչական էքսպանսիան այնպիսի ջերմեռանդությամբ է իրականացվում, կարծես հարձակման թիրախում ոչ թե սեփական հասարակությունն է, այլ՝ հակառակորդի, որին պետք է հոգեբանորեն ոչնչացնել ցանկացած գնով ու ցանկացած մեթոդով: Մինչդեռ իրավիճակն ավելի քան պարզ է ու բացատրելի:
Նախ՝ ինչ վերաբերում է «Իսկանդեր» համակարգն օգտագործել թույլատրելուն. հարկ է նշել, որ այն ձեռք է բերել Հայաստանի բանակը: Եվ, ըստ էության, հենց ՀՀ ԶՈՒ-ն է որոշելու` երբ, որտեղ ու ինչպես այն օգտագործել: Եթե Հայաստանի կամ Արցախի համար օրհասական իրավիճակ ստեղծվի, Հայաստանը չի սպասելու, թե Մոսկվայից կամ Վաշինգտոնից կտա՞ն այն կիրառելու թույլտվություն, թե՞ ոչ: Էլ չենք խոսում այն մասին, որ, ձեռք բերելով «Իսկանդեր»-ը, ՀՀ ԶՈՒ-ն զգալիորեն մեծացնում է Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության համակարգում:
Մյուս կողմից՝ առնվազն քաղաքական անգրագիտություն է պնդումը, թե այդ համակարգի ձեռք բերումը Հայաստանը վերածում է պոտենցիալ թիրախի, հատկապես` ՆԱՏՕ-ի և Թուրքիայի կողմից: Մի քանի միջուկային գերտերություններ ներառող Հյուսիսատլանտյան դաշինքին «Իսկանդեր»-ով սպառնալ կարող է միայն խելապակասը: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա ՆԱՏՕ-ն պետք է սպառնալիք համարի իրեն սահմանակից բոլոր այն երկրներին, որոնք անգամ միջին հեռահարության հրետանային, հրթիռային կամ հրաձգային միջոցներ ունեն իրենց արսենալում: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարող էր թիրախ համարվել «Իսկանդեր»-ը ձեռք բերելուց դեռ շատ առաջ, երբ այստեղ տեղակայվեց ռուսական ռազմակայանը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հայաստանը նրա համար հիմա նույնքան թիրախ է, որքան էր դրանից առաջ: Հնարավո՞ր է աշխարհում գտնել քիչ, թե շատ դատելու ունակություն ունեցող որևէ մեկին, ով կարծում է, որ մինչ այդ համակարգի ձեռք բերումը Հայաստանը Թուրքիայից որևէ սպառնալիք չուներ: Ընդհակառակը` մերօրյա քարոզչական «կոլաբորացիոնիստները» Հայաստանի համար «Իսկանդեր»-ի ձեռք բերման նպատակահարմարությունը քննելիս համեստորեն շրջանցում են այն փաստը, որ այդ համակարգն առաջին հերթին ոչ թե նույնիսկ Ադրբեջանի, այլ հենց Թուրքիայի դեմ է զսպող, կանխարգելիչ գործոն դառնում, որովհետև մարդկային, ռազմական և տնտեսական ռեսուրսների այն անհամեմատելի տարբերությունը, որը կա Թուրքիայի և Հայաստանի միջև, հնարավոր է գոնե մասնակիորեն փոքրացնել հենց նման ռազմավարական նշանակության համակարգերի, զինտեխնիկայի ձեռք բերման միջոցով: Թուրքիայի հնարավոր հարձակումը միշտ հանգեցնելու է Հայաստանի և հայ ժողովրդի գոյապայքարի: Իսկ այդ դեպքում արդարացված է ցանկացած, անգամ` միջուկային զենքի կիրառումը: Այս իմաստով, եթե իսկապես Հայաստանը ընդամենը մեկ դիվիզիոն համակարգ է գնել, ինչպես պնդում են ռուսական աղբյուրները, ապա այն քիչ է: Որքան էլ անիրական թվա, , որոնք կստիպեն Թուրքիային անգամ մտքի ծայրով չանցկացնել թիրախավորել Հայաստանը: Իրականում անկախության 25 տարիներին Հայաստանի հիմնական աններելի բացթողում եղել է հենց այն, որ չի առաջնորդվել Թուրքիայի համար սպառնալիք դառնալու ռազմավարությամբ, նաև` տեղական ռազմարդյունաբերության համարժեք համալիրն ստեղծելու միջոցով:
Որևէ մեկը չի կարող պնդել, որ եթե արդեն «Իսկանդեր» համակարգ ունենք, ուրեմն Ադրբեջանից Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովագրման հարցը վերջնականապես լուծվել է, և այլևս անելիք չկա: Անելիք կա և շատ՝ կապված ինչպես ներկայիս բնագծերն ու հենակետերն ուժեղացնելու և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցնելու, այնպես էլ հակառակորդի դիվերսիոն հարձակումների ժամանակ, մարտավարական նշանակության ռազմական գործողություններում թշնամու կենդանի ուժի, ուղեկցող տեխնիկական միջոցների ոչնչացման, առաջխաղացումը կանգնեցնելու և արդյունավետ հարձակում կազմակերպելու հետ: Այստեղ «Իսկանդեր»-ը օգնել չի կարող: Բայց եթե ամբողջ աշխարհն առաջնորդվեր բացառապես այս տրամաբանությամբ, ապա միջուկային զենք ընդհանրապես չէր ստեղծվի, եղածներն էլ վաղուց արդեն ոչնչացված կլինեին: Միջուկային զենքը չի ստեղծվում առաջին իսկ դիվերսիայի ձեռնարկման կամ դիպուկահար մեկ-երկու կրակոցի դեպքում կիրառելու համար: Այն ստեղծվում է պատերազմի սպառնալիք ստեղծելու կամ այդ սպառնալիքը չեզոքացնելու, սահմանափակելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը միջուկային զենք ունենալու իրավունք չունեն: Նրանց և նրանց պես երկրների համար «Իսկանդեր»-ի նման համակարգերը ձեռք են բերում իրենց հակամարտության և առավելագույնը տարածաշրջանի մասշտաբով միջուկային զենքի նշանակություն: Փաստ չէ, որ վաղը նաև Ադրբեջանը դրանից ձեռք չի բերելու: Եթե նման համակարգերը նվազեցնում են մասշտաբային և անկանխատեսելի հետևանքներով հղի պատերազմների հավանականությունը, ապա ինչո՞ւ չունենալ: Ուրեմն ավելի լավ է մշտապես ապրել այդ պատերազմի սպառնալիքի պայմաններո՞ւմ: Իսկ եթե համարում են, որ, միևնույն է, անգամ այդ համակարգերի ձեռք բերումը նման պատերազմները չի նվազեցնելու, ապա ի՞նչ անել, սպասել, թե ե՞րբ հակառակորդն այն ձեռք կբերի: Ադրբեջանին պատերազմի ընդամենը չորս օր անհրաժեշտ եղավ՝ «Սմերչ» ռեակտիվ համազարկային կայանքները գործողության մեջ դնելու համար: Հնարավո՞ր է բացառել առավել մեծ հեռահարության և կործանարար ուժով օժտված հրթիռային համակարգերի կիրառումը ֆաշիստական մի երկրի կողմից, որտեղ քնում ու զարթնում են ցանկացած գնով Հայաստանն ու Արցախը երկրի երեսից ջնջելու մարմաջով: Եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանն ունենար նման համակարգ և ընդամենը ցուցադրեր իր զորահանդեսում, ի՞նչ էին ասելու նույն այդ շրջանակները, շնորհակալությո՞ւն էին հայտնելու ռուսներին և Հայաստանի իշխանություններին, որ խուսափել են, նրանց ներկայացրածի համաձայն, բացարձակապես անպետք այդ համակարգը ձեռք բերելուց... Ոչ, չկասկածեք՝ նրանք ամբողջ կոկորդով բղավելու էին, որ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը հերթական հարվածն է հասցնում Հայաստանի թիկունքին, իսկ այստեղ շարունակում են 80-ականների զենքով զինել զինվորներին:
Գևորգ Դարբինյան