կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-18 16:49
Հասարակություն

Քաշքշոց՝ նախկին ոստիկանապետի գյուղում. ահաբեկել են հանձնաժողովի նախագահին

Քաշքշոց՝  նախկին ոստիկանապետի գյուղում. ահաբեկել են հանձնաժողովի նախագահին

Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ընտրությունների ընթացքում միջադեպ է տեղի ունեցել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ Սուրեն Քարամյանը: Նշենք որ պայքարն ընթանում է գործող գյուղապետ, հանրապետական Լևոն Ասատրյանի և անկուսակցական, անհատ ձեռներեց Նարինե Քարամյանի միջև: Մեր զրուցակիցը նշեց, որ միջադեպը սկսել է նրանից, որ հանձնաժողովի նախագահը ընտրության ձևը բացատրել է 2 ընտրողի: «Առավոտվանից իրենք լարվածություն են ստեղծում: Հանձնաժողովի նախագահը ընդամենը ցույց տվեց, թե ոնց պետք է ընտրեն, ու դրանից գործող գյուղապետի մորաքրոջ տղան, ով նաև նրա վստահված անձն է, միջամտեց, հանձնաժողովի նախագահի ձեռքից թերթիկները խլեց, գոռաց թե` կպատռեմ, ահաբեկեց ու դրանից միջադեպը սկսվեց»,- պատմեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ դրանից հետո ոստիկաններն անմիջապես միջամտել են, իրավիճակը կարգավորել, բայց լարվածությունը չի թուլացել, միայն ոստիկանական նոր ուժերի ժամանելուց հետո է իրավիճակը հարթվել, այս պահի դրությամբ հանգիստ է:

Նշենք, որ բերման ենթարկվածներ չկան:

Զրուցեցինք նաև Կանաչուտի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանի հետ, ով նշեց, որ միջադեպը սկսել է գործող գյուղապետի վստահված անձանց կողմից: «Միջադեպը սկսվեց գործող գյուղապետի վստահված անձանց կողմից, նրանց ոչ ճիշտ պահվածքի պատճառով առաջացավ բախում, ոստիկանների շնորհիվ բախումը կանխվեց»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ միջադեպի պատճառը այն էր, որ վստահված անձինք իրենց պարտականությունները չգիտեին: «Իրենց պարտականություններից ընդհանրապես տեղյակ չեն, միջամտում ու խանգարում են հանձնաժողովի նախագահի գործունեությանը»,- ասաց նա՝ հավելելով՝ չի բացառվում նաև այն հանգամանքը, որ ոչ թե տեղյակ չեն իրենց պարտականություններին, այլ ուղղակի ամենաթողություն է տիրում: Վերջում հանձնաժողովի նախագահը նշեց, որ տարածքում լարվածություն կա:

«Այո, ահաբեկում են ժողովրդին, ես համոզված եմ: Անձամբ ինձ էլ են ահաբեկել, չեզոք դիրքերում գտնվող անձ եմ, ես փորձում եմ օրենքի տարրը պահեմ, նույնիսկ հոխորտացին, որ մի մոռացեք որ ընտրատեղամասից դուրս եք գալու»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Կանաչուտը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարազատ գյուղն է, եւ գործող գյուղապետը, ըստ գյուղացիների, հենց նրա հովանավորչությունն է վայելում: