Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակում, եթե հաշվի առնենք տեսակարար կշիռն ու այն, որ ընտրություններում պայքար է գնում ոչ թե ինտելեկտի, գաղափարների եւ ծրագրերի, այլ ռեսուրսների միջեւ, ապա միայն Գագիկ Ծառուկյանը կարող էր լուրջ մրցակցություն ստեղծել Սերժ Սարգսյանին. լրագրողներին այսօր ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երբ Ծառուկյանը հանդես չի գալիս որպես նախագահի թեկնածու, դա իրականում լուրջ աջակցություն է Սերժ Սարգսյանին, քանի որ նա արդեն լուրջ մրցակցություն չունի:
«Սա մի շատ լուրջ վտանգ է ստեղծում, քանի որ նախորդ համապետական ընտրություններում միասին 43 տոկոս քվեների արժանացած ուժերը չեն մասնակցում ընտրություններին: Սա, ըստ էության, բոյկոտ է: Կա բոյկոտի երկու եղանակ` ակտիվ եւ պասիվ: Այժմ ընդդիմությունը ընդունել է պասիվ բոյկոտի քաղաքականությունը»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ երկու հարց կա` ինչու չեն մասնակցում, եւ ինչու են ընտրել պասիվ բոյկոտի տարբերակը:
Քաղաքագետի համար անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ եղավ, որ առյուծ պահող այդ հսկան, որ միշտ իր մկաններով զարմացնում է բոլորին ու ոմանց ահ ու սարսափ ներշնչում, չառաջադրվեց: «Այս մարդը լավ տրամադրությամբ գնում է Բրյուսել, այնտեղ տեղի է ունենում նրա բենեֆիսը: Ֆյուլեն, ոչ այլ մարդ, այլ հենց ինքը` նորին գերազանցություն Ֆյուլեն նրան անվանում է արժանի նախագահացու: Եվ հանկարծ ինչ եղավ, որ վերադառնելով Հայաստան, հրաժարվեց մասնակցել ընտրություններին, եւ արդեն երկու ամիս է պապանձվել է, ու ընտրողներին ոչ մի բացատրություն չի տրվում»,- ասաց ՀՔՄ նախագահը:
Նա նշեց, որ կա երկու հնարավոր տարբերակ: Մեկն այն է, որ նրան իսկապես ահաբեկել են, երկրորդ` նրա հետ կա պայմանավորվածություն:
Ի պատասխան` ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ ամեն ինչ շատ պարզ ու հասարակ է` խորհրդարանական ընտրությունները ստուգատես էին ուժերի համար, թե ով ինչ ռեսուրսի էր տիրապետում: Եվ եթե Ծառուկյանը համոզված չէ, որ ինքը կընտրվի, եւ ռեսուրսներն էլ բավարար չեն, ստուգատեսն էլ այլ պատկեր է ցուցադրել, ապա ինչու պետք է նա առաջադրվեր: «Եվ այսօր իշխանություններն ավելի շատ են ուզում, որ, իրոք, ընդդիմադիր ուժեր հանդես գան ընտրություններին»,- ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ նախագահի բոլոր թեկնածուներն էլ Սերժ Սարգսյանի համար մրցակիցներ են:
Իսկ վախի մթնոլորտի մասին Հովհաննիսյանի խոսքերին Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, թե անզեն աչքով տեսանելի է, որ այսօր վախի մթնոլորտ չի կարող գոյություն ունենալ` վախի մթնոլորտը մինիմումի է հասցվում: