կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-12 11:58
Տարածաշրջան

Թուրքիայի բանակում զինծառայողների թիվը նվազել է

Թուրքիայի բանակում զինծառայողների թիվը նվազել է

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ)  հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակել է զինանձնակազմի թիվը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝  հեղաշրջման փորձից հետո զինվորականների թիվը խիստ նվազել է: Բազմաթիվ զինվորականներ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ամերիկաբնակ ազդեցիկ կրոնական գործիչ, թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցի հետ կապ ունենալու կասկածանքով հեռացվեցին զինված ուժերից կամ ձերբակալվեցին:

Ըստ ներկայացված տվյալների՝  Թուրքիայի զինված ուժերում 2016թ. մայիսին ծառայել է 385 գեներալ, իսկ սեպտեմբերի դրությամբ ծառայությունը շարունակում է 206-ը:

Սպաների թիվը, եթե մայիսին կազմում էր 39.553, ապա սեպտեմբերն այդ թիվը կազմել է 29.946։ Ենթասպաների թիվը նույնպես նվազել է․ մայիսին գրանցված է եղել 96․593 ենթասպա, սեպտեմբերին՝ 67․646։ Պայմանագրային զինծառայողերի թիվն ավելացել է․ մայիսին 11․547 զինծառայողի թիվը սեպտեմբերին հասել է 15․888-ի։

Զինվորների թիվը մայիսին եղել 311.245, իսկ սեպտեմբերին՝ 182.784։ Այս պահի դրությամբ թուրքական բանակում ծառայում է 351.176  զինծառայող։

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ այժմ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայողների  թիվը 6.439 է, իսկ  ԶՈՒ Գլխավոր շտաբում՝ 3.301։