կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 16:58
Հասարակություն

ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում

ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում

Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները  Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին  ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ:  Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի տեղեկացմամբ՝ հանրապետության 1390 դպրոցներից 1150- ը, այսինքն ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Դրանցից  Արարատի,  Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի թվով 260 դպրոցները ներառված են ազգային ծրագրում:

«Ծրագրի մեկնարկից 4 տարի հետո Արարատի,  Վայոց ձորի և Սյունքի մարզերի դպրոցներում դպրոցական սննդի ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի կողմից փոխանցվել է պետությանը և այժմ  այս 3 մարզերում ֆինանսավորումն ամբողջությամբ  կատարվում է ՀՀ կառավարության կողմից: Մնացած 7 մարզերում ծրագրի ֆինանսվորումը կատարվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության դոնորությամբ:  Մենք նախատեսում ենք, որ տարեցտարի ազգային ծրագրի շրջանակն  ընդլայնվելու է. 2017-ին  դպրոցական սննդի ազգային  ծրագրում կընդգրկվի նաև Տավուշի մարզը, իսկ հետագա երկու տարիներին  Շիրակի և Արագածոտնի մարզերը»,- նշել է Եսայանը և հավելել, որ  Արարատի,  Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների 50 տոկոսում կազմակերպված  է տաք ճաշ, մնացած դպրոցներում դեռևս տրամադրվում է սառը  սնունդ / թխվածքաբլիթ և հյութ/:

Եսայանի խոսքով՝ համապատասխան սարքավորումներ հատկացվել են  ազգային ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներին, սակայն կախված ֆինանսավորման և ծնողական  համայնքի ներգրավվածության չափերից, որոշ դպրոցներում տաք սննդի կազմակերպման համար միջոցները չեն բավարարում: «Մենք փորձելու ենք բոլոր դպրոցներին տաք սննդի կազմակերպման հնարավորություն տալ: Այժմ ուսումնասիրություն է կատարվում այն դպրոցներում, որտեղ սարքավորումներ կան, սակայն տաք սնունդ չի կազամակրպվում: Նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը ամենայն հավանականությամբ կնախաձեռնի տաք սննդի մատակարարում դպրոցներին»,- տեղեկացրել է Բ. Եսայանը՝ հավելելով, որ հիմնադրամի ստեղծումից մի քանի տարի անց  դպրոցական սննդի ծրագրում  նախատեսվում է  ընդգրկել նաև Երևանը:

Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների մարզային շրջայցի  առաջին կանգառը Արարատի մարզի  Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում էր, որտեղ  դպրոցական սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով: Դպրոցի տնօրեն Ն.  Գալստյանի տեղեկացմամբ դպրոցն ունի   300 աշակերտ, որոնցից 145-ը  / կրտսեր դպրոցի ու նախակրթարանի սաները/ օգտվում են դպրոցական սննդից:   Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները  Սիսավանի դպրոցում  ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին՝ խոհանոցային գույքին, ճաշացանկին, խոհարարների աշխատելաոճին ու աշակերտների նախասիրություններին: Դպրոցի տնօրենը, ներկայացնելով  ծրագրի իրականացման ընթացքը՝ նշել  է, որ  բացի կառավարության հատկացրած ֆիանսավորումից, որը յուրաքանչյուր երախայի համար կազմում է օրական մոտ 150 դրամ, իրենք ստանում են նաև ծնողական համայնքի աջակցությունը.«Ծնողական կամավոր աջակցությունը շատ կարևոր է այս ծրագրի հաջողության համար: Դրա շնորհիվ դպրոցական սննդի ճաշացանկը դառնում է ավելի բազմազան: Օրինակ, երեխաները մեզ մոտ ստանում են նաև միս, միրգ, բանջարեղեն, որն ապահովվում է ծնողական համայնքի ներդրումների շնորհիվ»: 

Դպրոցում շրջայց կատարելուց հետո հյուրերը Սիսավանի դպրոցի բակում մասնակցել են ծառատունկի, ինչպես նաև ունկնդրել սաների երգուպարի կատարումները: Օտարեկրացի հյուրերը հայ փոքրիկների հետ փորձել են մասնակցել հայկական ազգային  պարերի կատարմանը, ինչպես նաև  լուսանկարվել  նրանց հետ:

Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները, որոնց թվում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ այցելել  են նաև Վեդու թիվ 1 և թիվ 2, Արտաշատի թիվ 1 և թիվ 2, Արալեզ համայնքի դպրոցներ:

 

ՀՀ ԿԳՆ