Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված օրենք հոգեբուժական օգնության մասին: Օրենքը ներկայացնող` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ դա ոլորտը կարգավորող նոր օրենք է, որը վերաբերում է մարդու հոգեկան առողջության պահպանմանը, հոգեբուժական օգնությանը եւ սպասարկմանը, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքներին, դրանց իրականացման, պաշտպանության եւ սահմանափակման դեպքերին եւ կարգի հետ կապված հարաբերություններին:
Հարց և դիտարկում ուներ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ պարբերաբար հետաքրքրվում է հոգեբուժարանների ու հոգեկան հիվանդների բուժման հետ կապված խնդիրներով: Պատգամավորի կարծիքով` թեև օրենքներ են ընդունվում, սակայն դրանք գործնականում չեն կիրառվում, արդյունքում` հոգեբուժության ուղղությունը մնում է թերի, հոգեբուժարաններում գտնվող հիվանդները խոցելի են, նրանց իրավունքները պաշտպանված չեն:
«Օրենքում պետք է անպայման ամրագրվի, թե որ դեպքում հոգեկան հիվանդը կարող է դիտարկվել որպես առողջ և ուղարկվել ընտանիք, որովհետև ես դեպքեր գիտեմ, որ ծանր հոգեկան հիվանդին, ով վտանգ է իրենից ներկայացրել, ուղարկել էին տուն: Բացի այդ` հոգեբուժարաններում շատ մեծ կոռուպցիա կա, բազմաթիվ դեպքեր կան, որ հոգեկան հիվանդ ունեցող ընտանիքի անդամները նյութական կորուստներ են ունենում, որովհետև փորձում են հոգեբուժարանում պահել իրենց հիվանդին, մինչդեռ` այդ հարցը պետք է հոգա պետությունը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ հոգեբուժարանում գտնվելու ողջ ընթացքում պետությունը հոգ է տանում հիվանդի մասին: «Ժամանակակից հոգեբուժությունը միտում ունի հոգեկան հիվանդություն ունեցող հիվանդին տանը բուժելու, այլ ոչ` հիվանդանոցային պայմաններում, որովհետև շատ հաճախ հիվանդանոցն ավելի ծանր հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ հիվանդի վրա: Եվ միայն այն դեպքում, երբ տանը, համայնքի ներսում հիվանդին բուժելու հնարավորություն չկա, բուժումն իրականացվում է հիվանդանոցում»,- ասաց փոխնախարարը:
Նա հավելեց, որ այսօր հոգեկան հիվանդություն ունեցող միայն 1200 հիվանդ է ստացիոնար բուժում ստանում հիվանդանոցում, մնացածի բուժումն իրականացվում է տանը:
Նոր օրենքի նախագիծն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում: