կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 10:22
Հասարակություն

Ջիվանու օրը՝ բացառիկ միջոցառումների շարքով

Ջիվանու օրը՝ բացառիկ միջոցառումների շարքով

Այս տարի Ջիվանու օրվա տոնակատարությունները նշվեցին օգոստոսի 26-ին և 27-ին Թբիլիսիում, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում և Ախալքալաքում: Միջոցառումների շարքը բացառիկ ու աննախադեպ էր. այցելություն Թբիլիսի՝ Ջիվանու շիրիմին, Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողություն և առաջին անգամ՝ աշուղական մրցույթ: Ներկա էին մտավորականներ, հոգևորականներ, արվեստագետներ, երաժշտագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ջավախքից ու Հայաստանի տարբեր շրջաններից և Հայաստանից դուրս ապրող բազմաթիվ հայրենակիցներ  և  ջիվանասերներ:

Տոնակատարության առաջին օրը՝ օգոստոսի 26-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ, հայ մտավորականության, հոգևոր բարձր դասի, Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության ներկայացուցիչները, «Հայարտուն» մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Ջիվանու ծոռ Գրետա Նիժալաձեն այցելեցին Խոջիվանքի գերեզմանատուն՝  Թբիլիսիի հայկական պանթեոն, որտեղ իր հանգրվան է գտել Մեծն Ջիվանին: Աշուղի շիրիմին այցելությունը մեծ խորհուրդ ուներ իր մեջ. Ջիվանու տապանաքարը ցողվեց հայրենի Կարծախից բերված հող ու ջրով, և դրանով կրկին վերականգնվեց Մեծն Աշուղի կապը իր երգերում այդքան գովերգված հայրենիքի հետ: Արարողությունը անտարբեր չթողեց և ոչ ոքի. ներկաների հուզառատ ելույթներում հնչեցին առաջակներ Ջիվանու օրվա նախօրյակին Մեծն Աշուղի շիրիմին այցելությունը դարձնել ավանդույթ:

Օգոստոսի 27-ին Ջիվանու տոնակատարությունների օրվա մեկնարկը տրվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, որտեղ Սուրբ  պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ  Հայր Բաբգեն վարդապետ Սալբիյանը: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց տուն-թանգարանի առկայությունը՝ շեշտադրվելով դրա՝ խորհրդրային տարիներից հետո Ջավախքում բացված մերօրյա առաջին թանգարանը լինելու հանգամանքը: Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերի առջև իր դռները բացեց Ջիվանու տուն-թանգարանը, որի ցուցասրահում ներկայացված են Մեծն Աշուղի կյանքի ու ստեղծագործություններին վերաբերող բազմաթիվ ուշագրավ նմուշներ` կյանքի տարբեր շրջաններին, հարազատներին, ընտանիքի անդամներին, ժառանգներին առնչվող լուսանկարներ, երգերի լավագույն կատարողներն ու մշակողները, Մեծն Աշուղի մասին հրատարակված բոլոր գրքերն ու լավագույն հոդվածները, Ջիվանու գործիքները՝ քյամանին և ջութակը, նրա մանկության շրջանի տարազը և այլն:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտության հարցերով պետնախարարության առաջին տեղակալը և ՀՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Արթուր Պողոսյանը:

Ջիվանու օրվա տոնակատարության շրջանակներում աննախադեպ էր նաև աշուղական մրցույթը՝ աշուղ Լեյլիի և աշուղ Ալիք  Ջավախքի մասնակցությամբ, որը ստացված մեկնարկ էր գեղեցիկ ավանդույթի վերականգնման և աշուղական արվեստի մեծարման ու խթանման համար:

Երեկ մեկնարկ տրվեց նաև Ջիվանու տուն-թանգարանի ետնամասի վերականգնման աշխատանքներին: Իր խոսքում ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշեց. «Այսօր ավարտվեց տուն-թանգարանի հիմնադրման աշխատանքների առաջին փուլը, բայց միաժամանակ մեկնարկեց և երկրորդ փուլը»: Իսկ տուն-թանգարանի ետնամասի աշխատանքների մեկնարկը տրվեց բազմաթիվ հայրենասեր և ջիվանասեր նվիրատուների՝ աջակցություն ցուցաբերելու մեծ պատրաստակամության շնորհիվ, նվիրատուներ, ովքեր ՋԱՀ-ի կողքին են եղել նաև տուն-թանգարանի հիմնադրման առաջին փուլի ողջ ընթացքում:

Միջոցառումների շարքի «վերջին կանգառը» ք. Ախալքալաքն էր, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսյոր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ դեռևս 10 տարի առաջ տեղադրված Ջիվանու արձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց, ներկայացվեց արձանի պատմությունն ու վերստին  արժևորվեց ու մեծարվեց Մեծն Աշուղի ստեղծագործական ուղին ու մեզ թողնված ժառանգությունը:

Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագիրը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 2016թ.-ի գլխավոր ծրագիրն էր։ Տուն-թանգարանի հիմնմանը ամենամեծ աջակցությունը ցուցաբերել է ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը։ Ծրագրի իրականացման ամենաառաջին իսկ փուլից հիմնադրամի կողքին են եղել նաև Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանի Հանրապետությունում բնակվող մի շարք հայրենակից-բարերարներ, որոնց թվում են նաև ծագումով ոչ ջավախցիներ: Գործընթացից անմասն չի մնացել նաև Ախալքալաքի տեղական իշխանությունը, ով իրականացրել է տուն-թանգարանի հարակից տարածքի արտաքին բարեկարգման և լուսավորության ապահովումը…  և այս ամենի արդյունքում այսօր ունենք տուն-թանգարան, որը ոչ միայն Մեծն Աշուղի մշակութային ժառանգության պահպանման ու ներկայացման հարթակ է, այլ նաև կարևորագույն քայլ՝ Կարծախում մշակութային կյանքի աշխուժացման և աշուղագիտական կենտրոնի հաստատման ուղղությամբ:

 

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ