Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կերակրափողի վիրաբուժությունը թորակոաբդոմինալ վիրաբուժության ամենից խրթին բաժիններից է: Խորանիստ տեղակայում, բարդ կառուցվածքային անատոմիական հարաբերակցություն ունեցող այս ոչ մեծ, բայց կարևոր օրգանի բազմաբնույթ ախտահարումները հաճախ հանգեցնում են ծանր բարդությունների, երբեմն էլ` մահվան:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ կերակրափողի քաղցկեղը կազմում է կերակրափողի բոլոր հիվանդությունների 80-90%-ը: Մարսողական տրակտի նորագոյացությունների շարքում ստամոքսի և ուղիղ աղիքի քաղցկեղից հետո այն գրավում է 3-րդ հորիզոնականը, իսկ մեկ տարվա ընթացքում մահացության տոկոսով առաջին տեղում է:
Կերակրափողի քաղցկեղը սովորաբար իր մասին շուտ է զգացնել տալիս և, թվում է, թե վաղ է ախտորոշվում, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում արմատական բուժում իրականացնել: Հիվանդների մոտ 80%-ը ստացիոնար է ընդունվում հիվանդության III-IV փուլում: Վիճակագրական այսպիսի տվյալներն ահազանգում են կերակրափողի քաղցկեղի բուժման արդիականացման անհրաժեշտության մասին:
Չնայած ախտորոշման, վիրահատական բուժման մեթոդների և տեխնիկայի, անզգայացման և վերակենդանացման մեթոդների կատարելագործմանը, կերակրափողի վիրաբուժությունը դեռևս մնում է ստամոքսաղիքային տրակտի վիրաբուժության ամենադժվար բաժիններից մեկը: Քննարկման նյութ են հանդիսանում մի շարք հիմնահարցեր: Մասնավորապես, կարևորվում է բուժման մեթոդի ընտրությունը` վիրաբուժական, ճառագայթային կամ համակցված, ինչպես նաև բուժման տվյալ մեթոդի ենթակա հիվանդների ընտրությունը: Քննարկվում են նաև կերակրափողի վիրահատական բուժման ժամանակ համապատասխան մոտեցման ընտրությունը, կերակրափողի, ուռուցքով ախտահարված հարակից օրգանների, լիմֆատիկ համակարգի մասնահատման ծավալի չափը, կերակրափողի հեռացումից հետո նրա պլաստիկայի համար օգտագործվող հյուսվածքի և կերակրափողի բերանակցման տեսակի և տեղակայման ընտրությունը: Քննարկման առարկա են դառնում կերակրափողի քաղցկեղի տեղային տարածման և մետաստազավորման դեպքում բուժման ամոքիչ մեթոդների ընտրության նպատակահարմարությունը, ինչպես նաև կերակրափողի վիրահատական բուժումից հետո տեղային կրկնությունների և ուռուցքի զարգացման դեպքում բուժման տակտիկան:
2016 թվականի սկզբից ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքները միավորվել են և ստեղծվել է կրծքավանդակի և որովայնի ուռուցքաբանության (թորակո-աբդոմինալ) բաժանմունք, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանը ևս հաստատում է, որ կերակրափողի վիրաբուժությունը թորակոաբդոմինալ վիրաբուժության ամենաբարդ բաժիններից մեկն է: Ըստ նրա, կերակրափողի վիրաբուժության մեջ ոչ այդքան կարևոր են տեխնիկական հագեցվածությունը և սարքավորումները (ինչպես, օրինակ` սրտային վիրաբուժության մեջ), որքան վիրահատական բուժման ճշգրիտ ցուցումները, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ճիշտ միջամտության ընտրությունը, հիվանդի լիարժեք նախավիրահատական նախապատրասումը, վիրաբույժի կատարյալ գիտելիքները և հմտությունը կրծքավանդակի և որովայնի օրգանների վիրաբուժության բնագավառում:
Գագիկ Համբարձումյանը ներկայացնում է, որ այս տարվա հունվարից առ այսօր ՈՒԱԿ որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է 6 վիրահատություն կերակրափողի քաղցկեղի, 1՝ ախալազիայի կապակցությամբ: Վիրահատությունների ժամանակ հեռացված կամ մասնահատված կերակրափողի վերականգնման նպատակով որպես տրանսպլանտատ օգտագործվող օրգանի ընտրությունը կատարում է` ելնելով ստամոքսի վիճակից, քանի որ այն հանդիսանում է ամենահարմար օրգանը նոր կերակրափողի ձևավորման համար (ստամոքսային ցողուն): Իսկ այն դեպքերում, երբ ախտահարումն ընդգրկում է նաև ստամոքսը (կարդիոէզոֆագեալ քաղցկեղ) կերակրափողի մասնահատումից և ստամոքսի հեռացումից (գաստրէկտոմիա) հետո մարսողական տրակտի վերին հարկաբաժինը վերականգնում է` օգտագործելով հաստ աղին: Կարևոր է, որ վիրահատությունները մեծամասամբ ավարտվում են բարվոք ելքով և հիվանդները վերադառնում են բնականոն կյանք:
Ստորև ներկայացված են բաժանմունքում կատարված կերակրափողի վերականգնման տեսակները
Կերակրափողի հեռացում՝ էքստիրպացիա կամ մասնահատում՝ ռեզեկցիա ստամոքսային ցողունի օգտագործմամբ` նրա միաժամանակյա վերականգնումով (Lewis-ի և Garlock-ի վիրահատություններ)։
Ստամոքսի պրոքսիմալ և կերակրափողի սուբտոտալ մասնահատումից հետո կերակրափողի միաժամանակյա հետին միջնորմային վերկանգնում՝ ստամոքսա-հաստաղիքային ցողունով (Lewis-ի վիրահատություն)։
Գաստրէկտոմիայից և կերակրափողի սուբտոտալ մասնահատումից հետո կերակրափողի միաժամանակյա հետին միջնորմային վերկանգնում՝ հաստաղիքային ցողունով (Garlock-ի վիրահատություն)։