կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 12:34
Առանց Կատեգորիա

Թոքերի քաղցկեղը կախտորոշեն շները

Թոքերի քաղցկեղը կախտորոշեն շները

Խուզարկու շներին կարելի է օգտագործել վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար: Այս եզրահանգմանն են եկել Գերմանիայի Schillerhoehe հիվանդանոցի բժիշկները, որոնց իրականացրած փորձերն ապացուցել են, որ շները հոտառությամբ իսկապես «ախտորոշում են» այդ հիվանդությունը. տեղեկացնում է mignews.com-ը:

Թոքերի քաղցկեղը եվրոպացիների շրջանում ամենատարածված հիվանդություններից է. դրանից տարեկան մահանում է ավելի քան 340 հազար մարդ: Ընդ որում` հիվանդությունը շատ «նենգ» է. ընթանում է համարյա առանց ախտանշանների, եւ դրա վաղ ախտորոշումը հիմնականում պատահականության արդյունք է լինում: Ախտորոշման մեթոդներն էլ վստահելի չեն ու կապված են հիվանդի համար մի շարք անհարմարությունների հետ:

Գերմանացի բժիշկների հետազոտությանը մասնակցել է 220 կամավոր` հիվանդ եւ առողջ: Պարզելու համար, թե շները կարո՞ղ են տարբերել հիվանդներին առողջներից, եւ ծխախոտի օգտագործումը կարո՞ղ է ազդել արդյունքի վրա, բժիշկները մի շարք թեստեր են անցկացրել:

Շները հաջողությամբ նույնականացրել են 100 հիվանդներից 71-ի արտաշնչած օդը, նաեւ` 400 առողջներից 372-ին, բացի այդ` ծխախոտը, դեղորայքի եւ սննդի հոտը նրանց վրա չի ազդել: