Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը, ընդհակառակը, նվազեցնում է որակական փոփոխությունների հնարավորությունը: Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ: Վատ է նաեւ այն, որ այսօր արդեն միջազգային լրատվամիջոցներում թուրքական հեղաշրջման փորձը փոխարինվելու է հայաստանյան դեպքերով: Մնացածը իրավապահների անելիքն է, որ մինչեւ այժմ, իմ կարծիքով, լավ չեն կատարել»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի կարծիքն է, որը նա հնչեցրեց ՊՊԾ գունդը գրավելուց շատ չանցած: Կարծիք, որում որևէ մեկի հասցեին որևէ վիրավորանք չկար, որևէ կոնկրետ մեղադրանք չկար: Եվ չնայած դրան, թե ինքնին դրանում արտահայտված մտքերը, թե առավելապես հեղինակը և ՀՅԴ-ն, մի առանձնակի հետևողականությամբ ու դաժանությամբ դարձան կատաղի զազրախոսության, վայրահաչության օբյեկտներ: Մինչդեռ ի՞նչ էր դրանում ասվում:
Ասվում էր այն, որ երկրում փոփոխություններ իրականացնելու համար այդ մարդիկ ընտրել են ամենասխալ և դատապարտելի ձևը: Եթե պատանդներ վերցնելը, շենք, առավել ևս ոստիկանական զորամաս գրավելը, բացարձակ իմաստով, դատապարտելի չէ, ապա պետք է ճիշտ և արդարացված համարվեն նաև Նորդ-Օստի, Բեսլանի դպրոցի գրավումը, որովհետև այդ ողբերգական հարձակումները ևս իրականացվել էին իրականացնողների համոզմամբ ազնիվ-հայրենասիրական մղումներով:
Եթե բացարձակ սխալ է Վարդանյանի այն պնդումը, որ զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվում, ապա կատարյալ մոլորության մեջ է ԱՄՆ պետդեպարտամենտը, որը հանդես է եկել «բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը» դատապարտող հայտարարությամբ: Ի դեպ՝ ինչո՞ւ պետդեպի և պետքարտուղար Ջոն Քերիի հասցեին նման լուտանքներ չեն թափվում: Մի վախեցեք, քեռի Սեմը ձեզ գրանտներից չի զրկի:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանում, աշխարհում գտնվել մեկը, ում համար զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր լուծելու տարբերակը, բացարձակ իմաստով, ընդունելի է: Եթե այո, ուրեմն եզդիների ողջակիզումը արաբական անապատներում միանգամայն օրինաչափ էր, ինչպես օրինաչափ էին Փարիզի, Բելգիայի, Լոնդոնի ահաբեկչությունները: Եվ ուրեմն առնվազն անսկզբունքային շովինիստներ են նրանք, ովքեր այդ ահաբեկչությունների օրերին իրենց ֆեյսբուքյան էջի լուսանկարների փոխարեն դնում էին այդ երկրների դրոշները:
Եթե սխալ է նաև այն տեսակետը, թե ՊՊԾ-ն գրավողներն ու պատանդառուները հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու են համախոհներին Խորենացու փողոցում պահելու և «փողոցի ջերմաստիճանը» տաքացնելու մղումով այդ մարդիկ որոշում օդ կրակել, կամ կեղծ պրովոկացիոն լուրեր տարածել ռուսական հատուկ ստորաբաժանումների միջոցով «գազային հարձակում» սկսելու մասին: Լայն հանրության աջակցությունն ունեցողը կարիք ունի՞ դիմելու նման էժան մանիպուլյացիաների:
Կամ գուցե սխալ է՞ր այն կարծիքը, որ միջազգային լրատվամիջոցներում թուրքական հեղաշրջման փորձի թեմային փոխարինում են հայաստանյան դեպքերը, ու որ դա վատ է: Եթե ձեր շարքերում կարող է լինել որևէ մեկը, ով հաճույք է ստանում, երբ Թուրքիայի և Հայաստանի անունները միջազգային լրահոսերում շոշափվում են միևնույն հարթության վրա, ապա ձեր ձեռնարկումը դավադրություն է: Եթե չկան այդպիսիները, ապա ի՞նչն է այստեղ դատապարտելին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերջին միտքը, որը անհասկանալի կամ միգուցե միանգամայն հասկանալի պատճառներով դուրս է թողնվել շատ կոնկրետ լրատվամիջոցների կողմից արված հղումներում, այն է, որ մինչ այժմ իրավապահներն իրենց անելիքը լավ չեն արել: Գուցե համարում եք, որ իրավապահները լա՞վ են կատարել կամ կատարում իրենց գործը: Թե՞ ՀՅԴ-ին քավության նոխազ դարձնելու մղումները թույլ են տալիս անտեսել այս հստակ տրված գնահատականը, նպատակային կերպով միակողմանիություն հաղորդել արտահայտված կարծիքին, քանի որ դա է պահանջում «հեղափոխական մոմենտը»:
Քաղաքական ուժերից, մտավորականներից, իշխանությունից ՊՊԾ զորամասը գրաված անձանց համախոհների ակնկալիքը ստեղծված իրավիճակի օբյեկտիվ գնահատական ստանալը չէ: Սպասելիքը զինված խմբի անդամների լիարժեք արդարացումն է, բռնությունները, որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց, լեգիտիմացնելը: Օբյեկտիվությունն այստեղ ավելորդ է, վնասակար, որովհետև այն չի կարող հասարակությանը վերածել ամբոխի, չի կարող մանիպուլացնել և դարձնել մարգինալ ծայրահեղականության գործիք, կենդանի վահան և զոհ: Մարգինալներն այսպես են տիրում հանրային գիտակցությանը: Նրանք այդպես են հաստատում մեկ կարծիքի և մեկ վարքագծի իրենց դիկտատուրան:
Ազգի տականքը, խուժանը, որը մինչ այդ համարվում էր հասարակական կամքի, ընտրական իրավունքի, բարոյական արժեքների բռնաբարման հիմնական գործիքը, դառնում է փառաբանության առարկա զուտ այն պատճառով, որ սկսում է գործել հեղափոխականի մանդատով: Ռեժիմի հենասյունի խարանն ունեցող տականքը դառնում է հեղափոխության տականքը, որ նույն տականքն է մնալու նրա բերած իշխանության ձեռքին:
Ռացիոնալությունը չկորցրած և սառը դատողությամբ առաջնորդվող բոլոր անհատները վերածվում են եթե ոչ ֆիզիկապես, ապա առնվազն բարոյապես ոչնչացման, հոշոտման ենթակա սուբյեկտների: Բազմակարծություն, խոսքի ազատություն, իրավահավասարություն և այլ արժեքները, որոնք գրվում են հեղափոխականների դրոշներին, նրանց ձեռքին աստիճանաբար վերածվում են գաղափարական մամլիչի: Այն զատում է յուրայինն օտարից, ստեղծում սեփական, մասնավոր ճշմարտության միֆը՝ աղավաղելով փաստերը, պատմական իրողությունները, խեղաթյուրելով այդ ճշմարտությունից դուրս հնչող տեսակետները, թունավորելով մարդկանց մտածողությունը և զոմբիացնելով վարքագիծը:
ՀՅԴ-ին մեղադրում են նրանում, որ ժամանակին ինքն է նման միջոցների ապավինել, և հիմա բարոյական իրավունք չունի քննադատելու նրանց, ովքեր փորձում են նույնն անել: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ՀՅԴ-ի կողմից սեփական հայրենիքում պետական զինված ապստամբություն առաջացնելու որևէ փաստ ուղղակի չկա: Իսկ եթե ՀՅԴ-ն 1994թ. տեռոր էր պլանավորում, ինչի տպավորությունը, հղում անելով «Դրո»-ի կամ «31»-ի գործերին, փորձ է արվում ստեղծել հիմա, ապա ինչո՞ւ էին ներկայիս քննդատողներից շատերը ժամանակին համարում, որ հարցուված քրգործերը, ձերբակալությունները, կուսակցության փակումը քաղաքական հետապնդում է իշխանության կողմից: Եթե դրանք ահաբեկչություն էին, ապա ՀՅԴ-ի կողքին գտնվողներն ի՞նչ էին, ահաբեկչության հանցակիցնե՞ր:
Այս ամենում ընդամենը մեկ լուսավոր բան կա. եթե մարդիկ, թեկուզ իրողությունների խեղաթյուրման գնով օրինակներ գտնելու մղումով հուսահատորեն քրքրում են ոչ վաղ անցյալի պատմության էջերը, որպեսզի կառչելու տեղ գտնեն իրենց ներկայիս ուղեգիծն արդարացնելու համար, նշանակում է՝ մտածողության մեջ դեռ չեն կորցել բանականության վերջին նշույլները, նշանակում է՝ գոնե հոգու խորքում ներկայիս մարգինալները հասկանում են, որ այնուամենայնիվ, այս ամենում, ինչ-որ շատ կարևոր սխալ է տեղի ունենում: Իսկ եթե հասկանում են, ուրեմն դեռ իրադրությունը փրկելու հույս էլ կա:
Բ. Գասպարյան