Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
12 տարի առաջ էր: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տոնում էին Մնջախաղի թատրոնի հիմնադրման 30-րդ տարեդարձը: Այդ օրը բազմաթիվ շնորհավորանքներ և նվերներ հանձնեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին: ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը նույնպես իր նվերն ուներ. նա Դադասյանին մի մեծ, շատ մեծ բաժակ նվիրեց: «Սա ձեր համբերության բաժակն է, որը, որքան էլ զարմանալի է, մի տեսակ չի լցվում: Հուսանք` չի էլ լցվի, և հաջորդ` 40-րդ հոբելյանը, թատրոնը կնշի իր շենքում»,- ասաց նա:
Նվերը վերցրեց տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, թե` սա ես կպահեմ մեր թատրոնի թանգարանում, ու հաջորդ հոբելյանին առոք-փառոք կբերեմ Մնջախաղի թատրոնի շենք:
Ուղիղ 12 տարի բաժակը համբերատար սպասեց, ժպտաց իրեն նայող` բոլոր զարմացած աչքերին. որքան մոտենում էր թատրոնի հերթական հոբելյանը, բաժակն ավելի անհանգիստ էր դառնում: Թարսի պես՝ չարաճճի երեխաները, որոնք միգուցե ուժեղ կարող էին հարվածել իր ապակուն, կարծես հօդս ցնդած լինեին: Մի օր հայտնվեց բաժակի փրկիչը՝ թատրոնի հավաքարարը, ով, քթի տակ երգելով, մաքրում էր տարածքը: Հերթը բաժակի վրայի փոշուն էլ հասավ ու… շրխկ` բաժակի համբերության բաժակն էլ էր լցվել:
Մնջախաղի թատրոնը ստեղծվել է 1974-ին, իսկ պետական կարգավիճակ ստացել 1983-ին: Այժմ թատրոնի բեմադրությունները /շաբաթական մեկ անգամ/ ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Սակայն այդ թատրոնի բեմը զգալի մեծ է մնջախաղային ներկայացումների համար` հանդիսատեսը շատ է հեռու: Մինչ այդ` տարիներ շարունակ /7,5 տարի/ Գեղարվեստի ակադեմիայի բեմում էին կյանքի կոչվում թատրոնի ներկայացումները:
Այն, որ թատրոնը շենք չունի, չի նշանակում, թե թատրոնի անձնակազմը նստած սպասում է շենքի հարցի լուծմանը: Մնջախաղի թատրոնն ամենաշատը հյուրախաղերի մեկնողների թվում է:
«Արդաղիոն», «Գիրք ծաղկանց», «Դեւը», «Չարի ծաղիկներ», «Արթմնի երազ», «Թռիչք», «Խաղը», «Ինչպես նկարել թռչուն», «Մետամորֆոզ», «Գեներ», «Շերանիկ», «Մագաղաթ» «Շրջանակից դուրս», «Գահի ոգի», «Այծ-ծես»... Ահա այն ներկայացումները, որոնք տարիներ շարունակ հանդիսատեսին տարել են կա\'մ Գեղարվեստի ակադեմիայի դահլիճ, կա\'մ Պատանի հանդիսատեսի թատրոն:
Տարիների ընթացքում թատրոնը կարողացավ զգալի հաջողությունների հասնել եւ անել ամեն ինչ՝ սերնդափոխության հարցը լուծելու համար: 2004-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում վերաբացվում է մնջախաղի բաժինը, իսկ 2008թ. Ծաղկաձորում թատրոնը կազմակերպեց Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը, 2010թ. սկսած, կոչվեց անվանի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով:
2012թ․ ամռանը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ թատրոնին շենքի կառուցման համար տարածք է հատկացվել Հյուսիսային պողոտայում: Պատրաստ էր անգամ շենքի նախագիծը, սակայն շենքի կառուցման արդյունքում մի շարք բնակիչների կամ խանութների պատուհաններ ու ցուցափեղկեր պետք է փակվեին: Բնակիչները, բնականաբար, չհամաձայնեցին: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, ապա նրանք կիրառում են իրենց սիրած հնարքը` լուռ են: Ավելին` երբ հարցնում ես, ասում են, հարցն իրենց իրավասության շրջանակներում չէ, տարածքի հետ է կապված, քաղաքապետարանը պետք է լուծի, ու ոչինչ, որ տարածք կոչվածը թատրոնի շենք է դառնալու:
Իսկ Ժիրայր Դադասյանն անհանգստանում է՝ վտանգված է թատրոնի սերնդափոխության հարցը. նման պայմաններում նորը չի ծնվի: «Թատրոնի վիճակն ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Նոր սերունդն աշխատելու համար տեղ պետք է ունենա, իսկ մեր պայմանները, մեղմ ասած, գայթակղիչ չեն: Արդյունքում` նրանք սկսում են այլ ժանրով զբաղվել: Մեր աշխատանքը, որքան էլ այս պայմաններում հաջողությունների հասնենք, նոր ներկայացումներ բեմադրենք, դեպի անկում է տանում, քանի որ սերնդափոխության հարցը մնում է չլուծված»,- ասում է նա:
Ամեն տարեսկզբի Դադասյանը 1 տարվա պայմանագիր է կնքում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հետ՝ թատրոնի բեմը վարձակալությամբ օգտագործելու համար: Պայմանագիրը կնքվում է մեկ տարով՝ հույսով, որ գուցե այն վերջինը լինի, եւ հաջորդ տարի թատրոնն իր շենքը ունենա: Այս տարվա պայմանագիրը նույնպես կյանքի է կոչվել՝ դարձյալ մեկ տարով՝ դարձյալ նույն հույսով:
Կ. Հ.