Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ասօր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որում հիմնական տեղ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել էր Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում:
Շարմազանովը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները լինեն համագործակցային, այլ ոչ` հակասական:
«Ես գնահատում եմ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական դերակատարումը, բայց, երկարաժամկետ առումով, Հայաստանի տեղը ՀԱՊԿ-ում է: Եվ ես այն կարծիքին չեմ, որ ՀԱՊԿ-ին ենք անդամակցել, որովհետև ՆԱՏՕ-ից անդամակցելու հրավեր չենք ստացել: ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողը Թուրքիան է, ու Հայաստանը տեղ չունի այն կառույցում, որտեղ Թուրքիան է, եթե անգամ անդամակցելու հրավերներ լինեին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՀՕՊ համաձայնագրի վավերացումը քայլ է ՆԱՏՕ-ի դեմ, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց` ասելով, որ Հայաստանը, ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելով, ոչ մեկի դեմ չի գործել, այլ գործել է` իր պետական ու ազգային շահերից ելնելով:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումները կշարունակվեն, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ ավելի լավ է հանդիպումները շարունակվեն, ու բանակցությունները շարունակվեն, քան թե նախընտրել չբանակցելը, որովհետև բանակցելու դեպքում քայլ ես կատարում դեպի խաղաղության, հակառակ դեպքում` քայլ դեպի պատերազմ:
«Ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը: Բոլոր կոնֆլիկտները լուծվում են բանակցային սեղանի շուրջ: Մեզ արժանապատիվ խաղաղություն է անհրաժեշտ: Մեզ համար առաջնայինը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Լոնդոնում իրավունք ունեն քվեարկելու` մնալ ԵՄ կազմում, թե` ոչ, եթե Շոտլանդիայում իրավունք ունեն քվեարկելու` մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, թե` ոչ, ուրեմն Արցախի բնակիչներն էլ իրավունք ունեն իրենց կարգավիճակը որոշելու: Մեր նպատակն է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Այո, այդ ճանապարհը դժվար ու քարոտ է լիելու է, բայց դա է մեր ճանապարհը»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով`փուլային, թե փաթեթային` նպատակ չէ, այլ մեխանիզմ, և բոլոր դեպքերում` առաջնային նպատակը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Հարցին, թե ի՞նչ կարելի է սպասել ԼՂ հարցի վերաբերյալ Պուտին-Օբամա հեռախոսազրույցից, Շարմազանովը պատասխանեց, որ դրական կարելի է համարել այն, որ երկու կողմերն էլ մերժել են խնդրի լուծման ռազմական տարբերակը: «Գիտենք` մշտապես ով է խախտել հրադադարի ռեժիմը տարիներ շարունակ, և ողջունելի է, որ երկու գերտերությունների առաջնորդները հրապարակային մակարդակում չունեն հակասություններ` ԼՂ հարցի խաղաղ լուծման հետ կապված»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը` Շարմազանովը նշեց, որ այն հստակ աջակցություն էր Հայաստանի դիրքորոշմանը և առնվազն երեք կետով անհամաձայնություն էր արտահայտում Ադրբեջանի որդեգրած քաղաքականության հետ:
«Հույս ունենանք, որ ապագայում Ղազախստանը, ինչու չէ` նաև Բելառուսը, պաշտոնական հայտարարություններ անելիս հղում կկատարեն այն հայտարարությանը, որի տակ ստորագրեցին իրենց ԱԳ նախարարները»,- ասաց նա: