կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-02 11:04
Հասարակություն

Արցախից վերադարձած զինվորը երեք օր կամուֆլյաժը հագից չէր հանել

Արցախից վերադարձած զինվորը երեք օր կամուֆլյաժը հագից չէր հանել

Արդեն երրորդ օրն է` գյուղում շրջում է նույն` զինվորական համազգեստով: Մտածում էի` մի քանի օրով զինվորական ծառայությունից արձակուրդ է եկել, հետո իմացա` երկու տարին լրացել է, մի բան էլ ավելի: Բանակի քեֆ չեն արել, համագյուղացիներն էլ գալը չեն իմացել: Ապրիլյան պատերազմից հետո զորացրված` գյուղի առաջին զինվորն է, մյուսները հերթով կգան:

Երեխայի պես մատներով հաշվում եմ գնացողների թիվը, մյուս ձեռքս պետք չի գալիս`նորակոչիկները հազիվ հինգը լինեն… Տղաները կգնան, հետ կգան` տղամարդ դարձած: Երեք օր համազգեստով շրջող զինվորի պես հին հագուստները հագներով չի լինի… Տանեցիները նորը կառնեն, կամ էլ նոր եկած զինվորի պես մի քանի օր զինվորական համազգեստով յոլա կգնան:

Կամուֆլյաժով շրջող զինվորի մայրը նախօրոք որդու համար հագուստ չէր գնել, ոչ էլ հագուստի փողն էր ճարել. փող լիներ՝ պարտքերը կփակեր, քեֆ կաներ, գյուղում էլ որդու գալու մասին բոլորը կիմանային:

Այսօր վերջապես զինվորը փոխեց համազգեստը, մնաց միայն զինվորական գլխարկը: Նոր հագուստները տղայի դեմքի արտահայտությունը չփոխեցին` ոնց լուրջ եկել էր, էդպես էլ մնաց… Ապրիլյան պատերազմում վեց ընկեր է կորցրել, իր վեց հասակակիցներին: Աշխատանք ճարի, հերթով կայցելի արդեն հերոսացած ընկերների շիրիմներին…

Երբ զինվորին տարան բանակ, ոչ ոք չհարցրեց` տան ճրա՞գն է, միակողմանի ծնողազո՞ւրկ, թե՞ հիվանդ: Առաջին գծում նրա պես շատերը կան, նրա պես շատ տղերք էլ այլևս չկան… Երկնքում են…

«Երբ թիկունքդ դատարկ է, հեշտ ես կոտրվում»,- ասում է զինվորն ու հիշում` իր ծառայած վայրում հատուկենտ տներ են, մարդ չկա, այգիներն անմշակ են, դաշտերը՝ չորացած:

«Նայում էինք սահմանից այն կողմ վառվող գյուղերի լույսերին ու մի պահ կոտրվում. մտածում ենք ՝ ախր ո՞ւմ համար ենք մեր հողը պահում, հետո հիշում ենք հողի համար զոհված տղերքին ու դուխ հավաքում` արյունով ձեռք բերված հողը պիտի պահենք, ինչ գնով էլ լինի»,- ասում է զինվորն ու էլի հիշում զոհված տղերքին: Անզորությունից աչքերը թրջվում են: Զինվորական գլխարկը քաշում է ճակատին, չի ուզում ոչ ոք իրեն, թեկուզ մի պահ, կոտրված տեսնի:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ