կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-09 09:33
Հասարակություն

Օդով Արցախ գնացած, ցամաքով վերադարձած զինվորը․ Անդրանիկ Ափոյան

Օդով Արցախ գնացած, ցամաքով վերադարձած զինվորը․ Անդրանիկ Ափոյան

Էդ մի սիրուն տեսարան էր, մինչև հիմա հիշում եմ՝ ասում է Անդրանիկ Ափոյանն ու պատմում «Մանուշակ» կապի համակարգի մասին։

«Շուշիի մեր բազայից, կամ իջնում էինք՝ Ստեփանակերտից, գնում էինք պոչտայից հայտարարություն էինք տալիս, հերթ էինք կանգնում, մինչև չերեզ «Մանուշակ» միացնեն Երևան, խոսանք։ Որպես կանոն, մեզ միշտ ասում էին առանց հերթ՝ փիդայիները թողեք, թող խոսան, փիդայիները․․․ սիրում էին ղարաբաղցիք մեզ, դաշնակցականներին մանավանդ, սիրում էին»,-ժպտում է Ափոյանը։

Կապը կտրվում էր մեկ-մեկ, կամունտատորն էր փոխանցում, ու Անդրանիկ Ափոյանը Երևանում իրեն սպասող աղջկա հետ երկու բառ չէր կարողանում փոխանակել։

Իր դասընկերուհին էր, որ սպասեց այնքան, մինչև պատերազմը հաղթեցին ու ամուսնացան․ «10-11 տարի․․․ խի՞, չի ըլնի՞»։

Եղել է՝ մի սիրուն տեղ նստած նամակ է գրել, հետո իր գրած նամակը տվել մի ընկերոջ, որ անունը փոխած ուղարկի մեկին։ Այդպես էլ է եղել։

Մայիսի 7-ին Սղնախի անտառից շարժվեցին դեպի Քիրս։

«Անցել էինք թիկունք, գնում էինք դեպի Քիրս-Լիսագոր․ դա էր մեր ուղղությունը։ Քիրսը վերցնելուց հետո պիտի փակեինք էդ ճանապարհը՝ Հադրութ-Ֆիզուլիի կողմից, էս կողմից էլ դե՝ վերևի ճանապարհը փակում էինք հակահարձակումը կասեցնելու համար Շուշիի վրա»,-ոգևորության այդ օրերը հիշեց Անդրանիկ Ափոյանը։

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Շուշիի վրա ռմբակոծություններ էին, երբ իրենք առավոտվա կողմ հասան Քիրս։ Քիրսը արդեն մաքուր էր։ Վերադարձին Զառիսլուի վերևի կողմում նստեցին՝ ճանապարհն էին վերահսկում և հանձնարարություն ունեին՝ չմիջամտել Շուշիից փախչող թուրք զինվորականներին։

«Ու փախնում էին։ Էսօր որ մեկ-մեկ ասում են՝ մարդ չկար, քիչ էր․․․ չէ՛, բավականին փախան, երկու օր փախան համարյա։ Է՛լ ավտոբուսներով, է՛լ տեխնիկաների վրա նստած, տանկերով ու ԲՏՌ-ներով լավ էլ փախնում էին։ Խաղաղ բնակիչ համարյա չկար, գնացել էին արդեն, զինված զինվորականներ էին, որ փախնում էին Շուշիից, որովհետև վերևից տղերքի զարկը ուժեղ էր եղել»,-հիշեց Ափոյանը։

Մնացին Զառիսլու գյուղում։ Մայիսի 9-ի առավոտյան լույսը չբացված գյուղն անցան, գյուղի դեմը դիրքավորվեցին։

«Շուշին դե մերն ա, հիմա իրենք հակահարձակում պիտի անեին յանի իրենց արևին։ Առաջին հարձակումը շատ թույլ էր իրենց կողմից, եկան տանկերը մինի վրա ելան հենց գյուղի դեմը։ Ու տենց, առաջին հարձակումն էլ կանգնացրինք, երկրորդն էլ կանգնացրինք, հետո առաջ գնացինք, մեզ օրվա վերջ եկան փոխեցին»,-պատմեց Անդրանիկ Ափոյանը։

Իրենք էլ առաջ էին գնում դեպի Լաչին։ Հայաստանի ճանապարհը պետք է բացվեր, որովհետև երդում էին տվել՝ օդով եկել ենք, ցամաքով պետք է գնանք։

«Լուրջ կռիվ էր։ էդտեղից ուղիղ գծով 3-4 կմ ա Շուշին հեռու, բայց, համենայն դեպս, իրենք տեսան, որ էլ չեն կարող առաջ գալ։ Տենց մի 3-4 օրում հասանք Լաչին։ Մաքրեցինք, պարեցինք, ուրախություն, բերկրանք։ Էս ա։ Հաղթանակն ա էտի»,-հիշեց նա։

Շուշին պատահական հաղթանակ չէր, իրոք, պետք էր, ասում է Անդրանիկ Ափոյանը, քաղաք-ամրոց գրավելը հեշտ բան չէ, բայց հաղթանակի շարունակությունը Շուշին ապահովեց։

Անդրանիկ Ափոյանն էլ դարձավ Արցախից Հայաստան ցամաքային ճանապարհով եկած առաջին մարդկանցից մեկը․ «Հա, հա, իմ արև․․․ օդով գնացել, ցամաքով հետ եմ եկել։ Գիտեինք, որ պետք ա անենք։ Ես դաշնակցական զինվոր եմ և մի բանի վրա որ գիտեմ՝ գնում եմ, ըլնում ա։  Ու էդքան անհրաժեշտ բանը պետք ա ըլներ։ Չէ, հաստատ գիտեինք, սաղ էլ համոզված էին, որ մենք ըտենց հետ ենք գալու»։

Ասում է՝ Ստեփանակերտից որ նայում էին Շուշիի վրա, ամբողջը ժայռեր էին՝ ո՞նց էին մագլցելու։

«Էնքան ժիմ էինք անում, թևերներս կայնում էր, որ ձեռներս պինդ ըլնի, ժայռեր պիտի մագլցենք»,-հիշեց Անդրանիկ Ափոյանը։

Բայց եթե թուրքը Շուշին չզիջեր էլ, Լաչինը միևնույն է՝ բացելու էին, ասում է, որովհետև Ստեփանակերտում ավարտվում էր ալյուրը, պարենը, զենք-զինամթերքը, այդքան հնարավոր չէր տանել, ցամաքային ճանապարհ էր պետք մի տեղից բացել ու բացեցին Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո։

Կռիվներից ազատ ժամանակ դիրքերից իջնում էին, դասացուցակը խփած էր պատին․ դրա համաձայն՝ վարժանքներ էին կազմակերպում, խնդրում էին մասնագետ ընկերներին, որ սովորեցնեն զինվորական գործին, նոր զինատեսակներին, քարտեզից գրագետ օգտվելուն։

Խմիչք, ասում է, չկար, «սուխոյ զակոն» էր, ինչ-որ կարևոր առիթ պիտի լիներ, որ խմեին։ Ազգային-հայրենասիրական երգեր էին երգում շատ․ Թալեաթի մորն էին հիշում, դաշնակ Դրոյին փառաբանում։

«Սահակյան Արարատն ու Ղևոնդյան Պետրոսը գիշեր-ցերեկ իրար հետ էին պոստի կանգնում ու խոսում էին, ամբողջ գիշեր խոսում էին, գալիս էին ցերեկը հանգստանալու՝ խոսում էին, նորից գնում էին էնտեղ խոսում էին։ Պետոն աստղաֆիզիկոս՝ կարդացած տղա, Արարատն էլ երկու անգամ Աֆղանստան գնացած՝ էլի կարդացած, լավ տրամաբանող տղա, ինչից չէին խոսա։ Գիտեք, մենք չար բանից երբեք չէինք խոսացել»,-հիշեց Անդրանիկ Ափոյանը։

Ասում էին՝ հեսա կպրծնենք, բայց վերջացնելը հո այնպես չէր։ Այն ժամանակ ինքը երազում էր, որ Վանա լճի հովտում, մի առվակի կողքին այգի պետք է ունենա ու մոռանա կռիվն էլ, քաղաքականությունն էլ․ «Մեր կռիվը էնտեղ պետք ա պրծներ, էլի կիսատ մնաց․․․»։

Աննա Բալյան