Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, երեկ խոսելով Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի` Մ6 միջպետական ճանապարհի ֆինանսավորման պայմանագրի մասին, դիմելով իշխանությանը, ասել է. «Այն պետությունը, որը մենք ենք ստեղծել, դուք քանդում եք»: Նախկին վարչապետը նշել է, որ պետությունն անընդհատ վարկեր է վերցնում, որ սրա վերջը դեֆոլտն է, որը կհայտարարվի մի քանի տարի անց:
Գուցե եւ հայտարարվի, գուցե եւ Բագրատյանն այս հարցում ճիշտ է, նկատի ունեմ՝ դեֆոլտը, եւ որ այս ամենը հանգեցնելու է հենց դրան: Բայց այստեղ դեֆոլտից ավելի կարեւոր բառեր կան՝ «այն պետությունը, որը մենք ենք ստեղծել…»: Ո՞վ է ստեղծել: Այդ «մենք»-ն ովքե՞ր են: Խնդիրն այն չէ, որ Բագրատյանն իրավունք չունի ասելու՝ «այս պետությունը մենք ենք ստեղծել», խնդիրն այն է, որ Հայաստանում յուրաքանչյուրը կարող է ասել` այս պետությունը մենք ենք ստեղծել, եթե, իհարկե, երբ ստեղծվում էր այս պետությունը, մենք Մոսկվային հատուկ զեկուցագրեր չէինք ուղարկում` Հայաստանում «որոշ ազգայնամոլների» գործունեությունը մանրամասն նկարագրելով: Այսինքն` այս պետության հիմնադիրը, որքան էլ ՀԱԿ-ում այլ կարծիքի են, ոչ թե Տեր-Պետրոսյանն է, այլ ժողովուրդը, որի ոտքերի տակ 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբներին մաշվեց Ազատության հրապարակի ասֆալտը, արդյունքում` այդ հրապարակը կոչվեց Ազատության:
Բայց սա հարցի մի կողմն է` ճշգրտման կողմը: Բագրատյանը նշել է, թե` «…դուք քանդում եք պետությունը»: Է, բա դուք ի՞նչ եք անում, ենթադրենք` պետությունը քանդվում է, դա թույլատրելի՞ է: Այսինքն` հնարավո՞ր է ամեն օր աշխատանքի գնալ խորհրդարան, պատգամավորի աշխատավարձ ստանալ, հաճախ Կիեւ գնալ՝ տեղի համալսարանում դասավանդելու, այնտեղ էլ աշխատավարձ ստանալ՝ դասախոսի, եւ թույլատրել պետության քանդումը, ընդ որում` այն պետության, որը «մենք ենք ստեղծել»: Փաստորեն, կարելի է, ու եթե կարելի է հանդուրժել պետության քանդումը /երբ այդ մասին միայն խոսում ես, նշանակում է՝ հանդուրժում ես/, ուրեմն ինչո՞ւ չի կարելի քանդել այդ պետությունը: Այսինքն` ո՞ւմն է մեղքը, երբ պետությունը քանդվում է` քանդողի՞նը, թե՞ քանդելը հանդուրժողինը…
Առհասարակ, բառեր կան, որոնք անգամ բանաստեղծները չեն օգտագրծում, նկատի ունեմ՝ լավ բանաստեղծները: Չեն օգտագործում, քանի որ դրանք չափազանցումներ են: Դրանք միշտ են խանգարում, անգամ` պոեզիայի մեջ: Քաղաքականության մեջ` առավել եւս, մանավանդ` երբ խոսում են պետության հզորության կամ պետության քանդվելու մասին: Մարդի'կ, մեր պետությունը հզոր չէ, քանի որ պարտք է վերցնում, բայց չի էլ քանդվում, քանի որ դեռ պարտք են տալիս, իսկ ում պարտք են տալիս, վստահ են, որ հետ են վերցնելու, բայց եթե անգամ վստահ չեն, եթե անգամ պետությունը քանդվում է, այն, կներեք, բայց Պերուն չէ՝ ամենայն հարգանքով այդ պետության եւ պերուացիների /հատկապես բնիկ/ նկատմամբ, այն մեր պետությունն է, այդ պետությունը մենք ենք ստեղծել, քրտինք կա, արյուն կա: Իսկ սեփական պետության քանդվելու մասին խոսելը, սակայն միայն խոսելը, նշանակում է ավելի սոսկալի բան անել, քան պետությունը քանդելն է:
Որը չի քանդվում, չի էլ կարող քանդվել, որովհետեւ մերն է, մեր ստեղծածը, այդ թվում՝ ՀԱԿ-ի: Այդ թվում… Այսինքն` երբ ասում եք՝ պետությունը քանդվում է, չափազանցնում եք, երբ ասում եք, թե` պետությունը մենք ենք ստեղծել, չափազանցնում եք: Իսկ չափազանցությունները միշտ են խանգարում, անգամ` պոեզիայի մեջ: Անգամ` եթե ատոմային ռումբ են:
Հովիկ Աֆյան